Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Հոլոքոստի հուշարձանի պղծումն ու անարգումը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղեկացանք սույն ամսվա 19-ին մայրաքաղաք Երեւանում կատարված Հոլոքոստի հուշարձանի պղծման վրդովեցուցիչ եւ դատապարտելի արարքի մասին:
Հուշարձանի պղծումն ու այլատյաց ոգով արված գրությունը վկայում են արարքի հեղինակների նեղմտության մասին: Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը բազմիցս ամենատարբեր առիթներով դատապարտել է ժողովուրդների միջեւ թշնամություն տարածելու նմանատիպ գործողությունները, մասնավորապես ազգային սրբություններ եւ նվիրական հիշատակներ համարվող հուշարձանների պղծումն ու վանդալական ոչնչացումը: Հայ Եկեղեցին, գիտակցելով ազգային սրբությունների բացառիկ արժեքը, նույն ընկալումով է մոտենում նաեւ բոլոր ժողովուրդների սրբություններին ու նվիրական հիշատակներին: Այս առումով խստորեն դատապարտելի է մանավանդ Հայաստանում նմանատիպ անմարդկային հանցագործության առկայությունը: Ազգային փոքրամասնությունների նվիրական հուշարձանների հանդեպ կատարված ոտնձգությունները հարիր չեն Ցեղասպանություն ապրած եւ աշխարհի ամենատարբեր երկրներում իբրեւ ազգային փոքրամասնություն ներկայացող հայ ժողովրդի զավակներին: