Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Քեսաբում ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները
Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ` Քեսաբի և շրջակա բնակավայրերի բռնազավթման առնչությամբ, որի հետևանքով տարհանվել է քաղաքացիական բնակչությունը, մեծավ մասամբ հայ ընտանիքներ, ավերվել և հրկիզվել են տներ, պղծվել սրբավայրեր: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորը մտահոգությունն է արտահայտել կատարվածի առնչությամբ և դատապարտել Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները, որոնք աջակցություն են ստացել Թուրքիայի կողմից: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր զորակցությունն է հայտնել Արամ Ա Կաթողիկոսին:
Քեսաբում ստեղծված կացության վերաբերյալ Նորին Սրբությունը հեռախոսազրույց է ունեցել նաև Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում հրավիրված խորհրդակցության ընթացքում հաստատել է, որ Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուռ իր թեմական կառույցներով շարունակելու է իր աջակցությունը սիրիահայությանը` աղոթելով, որ խաղաղությունը վերահաստատվի Սիրիայի աստվածասեր ժողովրդի կյանքում, և տեղահանված ու գաղթական ընտանիքները վերադառնան իրենց հայրենի օջախները: