Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում նշվեց Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի 20-րդ տարեդարձը
Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար
Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարքի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի հանդիսությունների սրահում, մեծ շուքով նշվեց Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի 20-ամյակը: Հանդիսությանը ներկա էին Վազգենյան դպրանոցի հովանավորներ Տեր եւ Տիկին Յակուբյանները, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Վահրամ Ներսիսյանցը, կառավարության ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբանները, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Վազգենյան դպրանոցի սաները, բազմաթիվ հյուրեր:«Դպրանոցը մեր ազգային կյանքում գրանցված 20-րդ դարի մեծագույն հաղթանակներից է: Դպրանոցը մեզ համար եւ° անցյալ է, եւ° ներկա, եւ° ապագա»,- բացման խոսքում նշեց Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչ Տ. Գեւորգ վարդապետ Սարոյանը:
20 տարիների ընթացքում դպրանոցը տվել է 142 շրջանավարտ: Նրանցից երկուսը դարձել է Հայ Եկեղեցու եպիսկոպոս, 4-ը` վարդապետ, 11-ը` աբեղա, 50-ը` քահանա եւ 75-ը սարկավագ:
Դասախոսական կազմի անունից խոսք ասաց նաեւ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը:
Հանդիսությունն ավարտվեց Նորին Սրբության օրհնության խոսքով: Նա իր գնահատանքի խոսքը ուղղեց դպրանոցի տեսչական ու դասախոսական կազմին, սաներին ու շրջանավարտներին:
«Յուրաքանչյուր հոգեւոր կրթական հաստատության առաքելությունն է կրթել աստվածասեր, եկեղեցասեր եւ հայրենասեր զավակներ: Ես պիտի աղոթեմ, հայցեմ ու մաղթեմ, որ մեր կրթական հաստատություններից այնպիսի եկեղեցականներ դուրս գան, ովքեր կարդարացնեն հույսը մեր ժողովրդի եւ կիրականացնեն այն ուխտը եւ երդումը, որ պիտի փառավորի Վազգեն Վեհափառի անունը: Թող Աստված օրհնի, որ այդ կրթական հաստատությունը միշտ լուսավոր պահի մեր ժողովրդի սիրեցյալ Հայրապետի անունը եւ նրա բարի հիշատակը», - իր խոսքում նշեց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբությունն իր գնահատանքի խոսքն ուղղեց նաեւ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի բարերարներ Տեր եւ Տիկին Յակուբյաններին, ովքեր հավատացին կրթական հաստատության առաքելությանը եւ հանձն առան հովանավորությունը դպրանոցի վերակառուցման գործի:
Հանդիսության ընթացքում հնչեցին Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարումները` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ: Ելույթ ունեցավ նաեւ դպրանոցի երգչախումբը: Ներկաները դիտեցին «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած «Վազգենյան դպրանոց-20. Ոգու պատմություն» ֆիլմը:
Հանդիսությունը փակվեց «Պահպանիչ» աղոթքով: