Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում նշվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալության 6-րդ տարեդարձը
Կիրակի, նոյեմբերի 6-ին, Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալության 6-րդ տարեդարձը: Հայոց բոլոր եկեղեցիներում հավարտ Սբ. Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սբ. Պատարագ մատուցվեց հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի: Պատարագիչն էր ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը: Սրբազան արարողության ընթացքում, Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզելով, շնորհավորեց Վեհափառ Հայրապետին գահակալության տարեդարձի առիթով` աղոթելով, որպեսզի «Հայրապետական մականը մնա ծաղկյալ», եւ երկար տարիներ Հայրապետական նորանոր իրագործումներով եւ բեղուն ծառայությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նավը առաջնորդվի դեպի առավել բարձունքներ:
Իբրեւ բնաբան ունենալով Ղուկաս ավետարանչի «Մի երկնչիր, բայց միայն հաւատա, եւ կեցցէ» խոսքը` Սրբազան Հայրն ասաց. «Քրիստոսի այս խօսքը, սիրելի Վեհափառ Հայրապետ, դուք դարձուցած էք Ձեր սրտի աղօթքը: Այս աղօթքով գահակալութեան Ձեր առաջին օրէն սկսեալ աներկիւղ ու անկշռելի հաւատքով նոր կեանք կը ներշնչեք բոլորիս... Եթե կը սիրենք Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, որուն ծննդավայրն է Սուրբ Էջմիածինը, ապա պարտ ենք համախմբվելու Ազգիս Վեհափառ Հայրապետի շուրջը, զորացնելու անոր բազուկներուն ուժը, որպեսզի առավել բարգավաճ դառնա Հայաստանյայց Առաքելական մեր Մայր Եկեղեցին ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփյուռս աշխարհի:
Աներկյուղ պահենք մեր հավատքը: Անսանք Քրիստոսի խոսքին եւ ապա մեր մեջ պիտի գտնենք վերակերտումի ոգին` ի խնդիր Հայաստանյայց Առաքելական մեր Մայր Եկեղեցվո եւ ի բարգավաճումն Սուրբ Էջմիածնի եւ հուրախություն մեզ եւ Վեհափառ Հայրապետին»:
Ս. Պատարագի ավարտին Իջման Ս. Սեղանի առջեւ կատարվեց Հայրապետական մաղթանք:
Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, ազգային բարերարներ, ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի թեմական խորհրդի անդամներ եւ բազմաթիվ հավատացյլաներ, որոնք եկել էին իրենց նվիրումն ու սերը հայտնելու Մայր Աթոռին ու նրա արժանընտիր Գահակալին: