Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբանները տարբեր երկրներում կմասնակցեն Ավագ Շաբաթվա արարողություններին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբանները տարբեր երկրներում կմասնակցեն Ավագ Շաբաթվա արարողություններին եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ս. Հարության տոնի առիթով Ս. Պատարագ կմատուցեն Երուսաղեմի, Կոստանդնուպոլիսի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հունաստանի, Ռումինիայի հայկական եկեղեցիներում£
Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն են մեկնել Մայր Աթոռ Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Սյունիքի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը եւ Տ. Արիս աբեղա Տոնոյանը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն` Տ. Պետրոս աբեղա Ազարյանը եւ Տ. Անդրանիկ աբեղա Գեւորգյանը: Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը եւ Տ. Կյուրեղ աբեղա Դավթյանն ուղեւորվեցին ԱՄՆ Արեւելյան թեմ, ուր Ս. Զատկի արարողություններից հետո, ապրիլի 26-30-ը կմասնակցեն նաեւ թեմի հոգեւորականների տարեկան համագումարին եւ թեմական 109-րդ պատգամավորական ժողովին: Հունաստանի հայոց թեմ է մեկնել Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը, իսկ Մայր Աթոռի միաբաններ Գառնիկ սարկավագ Շահինյանը եւ Արտակ սարկավագ Գաբրիելյանն արարողություններին կմասնակցեն Ռումինիայի հայոց թեմում: