Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների հավաք

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների հավաք 28.11.2015
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների հավաք

     Նոյեմբերի 28-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախաձեռնությամբ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ), Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ հայաստանյան թեմերի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների հավաք:

     Կիրակնօրյաներում կրոն դասավանդող շուրջ 200 ուսուցիչներ մասնակցեցին օրվա խորհրդով Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագին, ապա հանդիպում ունեցան Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

     Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ համատեղ իրականացվող «Աստվածաշունչ դպրոցներին» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպման սկզբում համազգային եկեղեցական իրադարձության` Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի կապակցությամբ Նորին Սրբությանը և ներկա ուսուցիչներին շնորհավորեց ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

     Սրբազանն իր խոսքում ընդգծեց, որ կիրակնօրյա դպրոցների ուսուցիչները հոգևորականների աշխարհական լծակիցներն են. մեծ նվիրումով ու նախանձախնդրությամբ իրենց ծառայությունն են բերում Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին:

     Այնուհետև ներկաներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

     Նորին Սրբությունն ուսուցիչների համախմբման համար իր ուրախությունն արտահայտեց` ընդգծելով, որ կիրակնօրյա դպրոցների մանկավարժները հոգևորականների հետ միասին առաքելական գործի շարունակողներն են` կոչված ուսուցանելու Քրիստոսի Ավետարանը:

     Գարեգին Բ Հայրապետը բարձր գնահատեց ուսուցիչների ծառայությունը` նշելով, որ նրանք իրենց հոգու հավատքի ապրումն են փոխանցում մատաղ սերնդին, որպեսզի վերջինս ճանաչի և սիրի մեր Տիրոջը և Փրկչին, հավատարմորեն ապրի Աստծու պատգամներով ու պատվիրաններով, սիրի Եկեղեցին:

     Նորին Սրբությունը հավելեց, որ նրանց ուսերին է ծանրացած Հայ Եկեղեցու արժանավոր զավակներ և Հայրենիքի օրինակելի քաղաքացիներ կրթելու և դաստիարակելու պարտականությունը` Աստծո հովանին ու օրհնությունը հայցելով ուսուցիչների պատվավոր առաքելությանը:

     Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց հանդիպմանը ներկա Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին և ընկերության ծրագրերի պատասխանատու Արշավիր Գաբուջյանին ընկերության կողմից իրականացվող զանազան ծրագրերի համար, որոնք նպաստում են հավատքի զորացմանը և ավետարանական ճշմարտությունների փոխանցմանը:

     Հանդիպումից հետո «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում «Աստվածաշունչ դպրոցներին» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի հետ, որի ավարտին Աստվածաշնչեր բաշխվեցին ուսուցիչներին: