Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատվիրակությունը մասնակցեց Ասորի Ուղղափառ Եկեղեցու արարողություններին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հունիսի 14-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը Դամասկոսում (Սիրիա)` Ս. Եփրեմ վանքում, մասնակցեցին ասորի ժողովրդի ցեղասպանության 100-րդ տարելիցի և Ասորի Ուղղափառ Քույր Եկեղեցու Մյուռոնօրհնության արարողություններին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատվիրակությունն Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույնները փոխանցեց Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդին:
Քույր Եկեղեցում ցեղասպանության զոհերի ոգեկոչման և Մյուռոնօրհնության արարողությանների առիթով ընթերցվեց նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի պատգամը:
«Մեր Եկեղեցու պատվիրակության մասնակցությունը սրբազան այս արարողությանը վկայությունն է մեր քույր Եկեղեցիների և հավատավոր ժողովուրդների հավատքի միության և անսասան եղբայրության՝ խարսխված առաքելահաստատ հավատքի և եկեղեցական դարավոր ավանդության վրա: Մեր Եկեղեցիների ծոցում ծնվել են ինչպես եկեղեցական հայրեր և համաքրիստոնեական սրբեր, այնպես էլ ստեղծվել է ջատագովական և մեկնողական հսկայածավալ ժառանգություն, որոնք առանցքային դեր են ունեցել ուղղափառ դավանանքի պահպանման գործում:
Մենք ներկայացնում ենք Եկեղեցիներ և ժողովուրդներ, որոնք կապված են ոչ միայն հավատքի նույնությամբ, այլև՝ պատմության ընթացքում կրած միևնույն ցավով ու տառապանքով, պայքարի միևնույն ոգով և արդարության նույն տենչով: Հայ և ասորի ժողովուրդները կրեցին նաև մարդկության հանդեպ գործված ոճրագործություններից մեծագույնի՝ ցեղասպանության ողջ դաժանությունն ու հետևանքները, սակայն Բարձրյալն Աստծու կամոք անսասան պահեցին իրենց հայրերի հավատքը և Քրիստոսի սիրով զորացած՝ հառնեցին նոր կյանքով», - ասված է հայրապետական ուղերձում:
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Ասորի Ուղղափառ Եկեղեցու Հովվապետի և քույր Եկեղեցիների առաջնորդների մասնակցությանը, ինչպես նաև ցեղասպանությունների դատապարտմանն ու կանխարգելմանն ուղղված Եկեղեցիների ջանքերին` Նորին Սրբությունը նշել է. «Այսօր էլ մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ այն բոլոր զոհերի հիշատակին, ովքեր նահատակվել ու նահատակվում են իրենց հավատքի համար: Միասնական կերպով նաև անդրադառնում և դատապարտում ենք այն անմարդկային գործողությունները, որոնք պատճառ են հանդիսանում մարդկային կյանքի կորստի: Մեր սուրբ նահատակների արյան կանչը առավել զորացնում է մեզ՝ համատեղ պայքարելու մարդկության հանդեպ գործվող ոճրագործությունների դատապարտման և արդարության հաստատման համար»:
Խոսելով Մերձավոր Արևելքի երկրներում շարունակվող պատերազմի ու հալածանքների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է. «Այդ ողբերգական իրադարձությունների հետևանքներն անմիջականորեն զգում եք դուք՝ կենաց և մահու պայքար մղելով արդարության ու խաղաղության համար: …Ձեզ հետ միասին Մենք դատապարտում ենք բոլոր ժողովուրդների հանդեպ իրականցված ջարդերն ու կոտորածները: Հայցում ենք Երկնավորից, որպեսզի շուտափույթ կերպով խաղաղությունը վերահաստատվի Սիրիայում և աշխարհի մյուս հատվածներում»:
Նորին Սրբությունն ընդգծել է նաև, որ այս տարի Հայ և Ասորի Եկեղեցիներում կատարվող մյուռոնօրհնությունը կոչ և հրավեր է ժողովուրդներին՝ մնալու սրբության շնորհի մեջ, մերժելու չարը և կյանքում պահպանելու Տիրոջ Ավետարանի լույսը:
«Մյուռոնօրհնությունը պատգամ է ապրելու Քրիստոսով և ընթանալու Նրա հետ, քանզի Սուրբ Մյուռոնով ի Քրիստոս մկրտված՝ Քրիստոսով հանդերձավորվեցինք (հմմտ. Գաղ. Գ 27): Տիրոջ հետ, տերունապարգև սիրով միայն պիտի գերակայեն մեր կյանքում բարությունն ու արդարությունը, մեր սրտերում անսասան մնա մեր հայրերի սուրբ հավատքը և մեր ուղին լինի բազմարդյուն ու բարեհույս», - նշել է Ամենայն Հայոց Հովվապետը: