Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ներկայացուցիչը մասնակցում է Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին
Հռոմի Սրբազան քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ Պապի նախագահությամբ հոկտեմբերի 7-ից Վատիկանում սկսվեց Կաթոլիկ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը` «Նոր ավետարանչություն` հանուն քրիստոնեական հավատքի տարածման եւ ամրապնդման» թեմայով:
Երեքշաբաթյա ժողովին մասնակցելու համար Վատիկան են ժամանել Կաթոլիկ Եկեղեցու ողջ եպիսկոպոսաց դասը, ինչպես նաեւ ներկայացուցիչներ Ուղղափառ եւ Արեւելյան Ուղղափառ, Անգլիկան Եկեղեցիներից, էկումենիկ կազմակերպություններից ու Արեւմուտքի քրիստոնեական այլ հարանվանություններից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր կրթական հաստատությունների վերատեսուչ եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը: Ժողովին Սրբազան Հայրը հանդես կգա թեմայի շուրջ ելույթով, Նորին Սրբություն Բենեդիկտոս ԺԶ Պապին կփոխանցի Ամենայն Հայոց Հայրապետի եղբայրական ողջույնները:
Վատիկանում գտնվելու օրերին Գեւորգ Սրբազանը նաեւ հանդիպումներ կունենա Վատիկանի պետքարտուղար կարդինալ Տարչիսիո Բերտոնեի եւ Հռոմի Արեւելյան Եկեղեցիների բաժանմունքի վարիչ կարդինալ Լեոնարդու Սանդրիի, ինչպես նաեւ Կաթոլիկ Եկեղեցու կրթական մի շարք հաստատությունների պատասխանատուների հետ: