Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հայտարարությունը ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման առիթով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես մտահոգված են այսօր ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման առիթով, որի պատճառով զոհվել է մեկ ոստիկան, մի քանիսը` այդ թվում նաև հարձակում իրականացրած անձանցից, ստացել են մարմնական վնասվածքներ, կան պատանդներ:
Զինված ծայրահեղական նման գործողությունները չունեն արդարացում: Այսօր մեր ժողովրդի համախմբվածությունը, համազգային համերաշխությունը և միասնականությունը կենսական են և հրամայական` մեր երկրի սահմաններն անառիկ պահելու և հայոց պետականությունն ամուր և ապահով պահպանելու համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջախոհության է կոչում զինյալ հարձակումն իրագործած անձանց` հորդորելով իրավիճակը հանգուցալուծել բացառապես խաղաղ ճանապարհով, խուսափելու համար մարդկային նոր կորուստներից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հանձնարարական է տրվել ՀՀ Ոստիկանության հոգևոր խորհրդատու Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին` մշտական կապի մեջ մնալ իրավապահների հետ, անմիջաբար հետևել իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար զեկուցել իրավիճակի մասին: