Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մասնակցում է գրքի տոնավաճառին
Փետրվարի 17-ին Երեւանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկեց «Գրքի երեւանյան 6-րդ տոնավաճառ»-ը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եռօրյա տոնավաճառին մասնակցում է նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը` աստվածաբանական, հայագիտական, ջատագովական, ծիսական շուրջ հիսուն նոր հրատարակություններով:
Տոնավաճառի բացման արարողությանը ներկա Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը գոհունակությամբ նշեց գրքի ցուցահանդեսի հանդեպ նկատվող մեծ հետաքրքրությունը, որ միջոցառումը իսկական տոնի է վերածել: Նաթան սրբազանը ուրախալի նկատեց նաեւ այն, որ համակարգչի դարում Հայաստանում տպագիր գրքի նկատմամբ յուրահատուկ սեր եւ վերաբերմունք կա:
Տոնավաճառին մասնակցում են Երեւանի մոտ 30 հրատարակչություններ: «Գրքի երեւանյան 6-րդ տոնավաճառը» անցկացվում է Հայկական գրատպության 500-ամյակին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրա քաղաք հռչակելուն ընդառաջ: