Մահազդ Ի Տեր ննջեց Տ. Կարապետ ավագ քահանա Գըլըճյանը
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ ապրիլի 20-ին, Էջմիածնում, կյանքի 73-րդ տարում, երկարատև ծանր հիվանդությունից վախճանվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիցագույն սպասավորներից Արժանապատիվ Տ. Կարապետ ավագ քահանա Գըլըճյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայ Եկեղեցու հոգևոր դասը սգում են բազմավաստակ Տեր Հոր մահը:
Տեր Հոր աճյունը ապրիլի 21-ին կդրվի Ս. Շողակաթ վանքում վերջին հրաժեշտի համար, ուր ժամը 1800-ին կկատարվի եկեղեցու կարգ: Ապրիլի 22-ին, ժ. 1030-ին, հընթացս Ս. Պատարագի կկատարվի հանգուցյալ Տ. Կարապետ ավագ քահանայի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Տ. Կարապետ ավագ քահանա Գըլըճյան (ավազանի անունը` Կարապետ)
(կենսագրական)
Ծնվել է 1942 թ. դեկտեմբերի 2-ին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1947 թ-ին ծնողների հետ միասին հայրենադարձվել է հայրենիք` բնակություն հաստատելով Արթիկի շրջանի Սարալանջ (Բաշ) գյուղում, ապա` Երևանում:
Նախնական կրթությունը ստացել է Երևանի թիվ 51 և 65 միջնակարգ դպրոցներում:
1957-1963 թթ. ուսանել և ավարտել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը` պաշտպանելով «Մկրտիչ Նաղաշի կյանքն ու գործունեությունը» թեմայով ավարտաճառ:
1965 թ. ապրիլի 4-ին ձեռամբ երջանկահիշատակ Տ. Վահան եպիսկոպոս Տերյանի Երևանի Ս. Զորավոր եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ, ապա նույն օրը ձեռնադրվել է որպես ամուսնացյալ քահանա:
1965 թ. ապիլի 15-ից ծառայության է կոչվել Դոնի Ռոստովի (Նոր Նախիջևան) Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցում:
1965-1968 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1968-1973 թթ. ծառայել է Օրջոնիկիձեի (Հյուսիսային Օսեթիա, ք. Վլադիկավկազ) Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
1973-1974 թթ. ծառայել է Ս. Գեղարդի վանքում:
1974-2005 թթ. ծառայել է Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում:
2005-2008 թթ. ծառայել է Ս. Զորավոր եկեղեցում:
2008-2012 թթ. սպասավորել է Արարատի մարզի Կանաչուտ գյուղի Ս. Գևորգ եկեղեցում:
2012թ.-ից իր ծառայությունն է շարունակել Ս. Գայանե վանքում:
Տեր Հայրն իր ծառայության տարիներին 1973 թ. ստացել է լանջախաչ կրելու իրավունք, 1983 թ.` ծաղկյա փիլոն, իսկ 1985 թ. արժանացել է ավագ քահանայի բարձր կոչմանը:
Բարեհիշատակ Տ. Կարապետ ավագ քահանա 1991-2010 թթ. դասավանդել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում` ավանդելով «Ծիսագիտություն» առարկան, իսկ 1993 թ.-ից իբրև այցելու հոգևոր հովիվ իր անխոնջ ծառայությունն է բերել Կոշ քրեակատարողական հիմնարկում:
2013 թվականին երկար տարիների քահանայագործության համար Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նրան շնորհվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան: