Մահազդ. Ի Տեր հանգչեց Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 26-ին, Սան Պաուլոյում (Բրազիլիա), կյանքի 77-րդ տարում, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը՝ երիկամի փոխպատվաստումից հետո զարգացած երիկամային անբավարարությունից:
1980 թվականից սկսյալ լինելով Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը՝ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանն առողջական խնդիրների պատճառով առաջնորդական պաշտոնը թողել էր անցյալ տարի:
Բազմավաստակ Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հավատավոր զավակների համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգևոր խորհուրդը և Հայ Եկեղեցու ողջ հոգևորականաց դասը սգում են բարեհիշատակ Սրբազան Հոր մահը:
Յիշատակ արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյան
(կենսագրական)
Ծնվել է 1937 թ. ապրիլի 15-ին: Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Վարդանանց վարժարանում՝ Հիսուսյան հայրերի մոտ:
1952 թ. ավարտել է ուսումը և շարունակել զբաղվել ինքնակրթությամբ: Այնուհետև կրթությունը շարունակել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում, որի ընծայարանն ավարտել է 1963 թվականին:
1963 թ. հուլիսի 21-ին ձեռամբ Երուսաղեմի երջանկահիշատակ Պատրիարք Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ համալրելով Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության շարքերը:
1963-66 թթ. վարել է Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի փոխտեսչի պաշտոնը:
1966 թ. ստացել է մասնավոր վարդապետության աստիճան և Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Ազատյանի հրավերով մեկնել է Արգենտինա:
1966-80 թթ. ծառայել է Արգենտինայում որպես Կորդոբայի հայ համայնքի հոգևոր հովիվ: Իր պաշտոնավարության ընթացքում ստեղծվել են գաղութի պաշտոնաթերթը, «Արևագալ» պատանիների երգչախումբը և եկեղեցու նոր դպրաց դասը, նորոգվել եկեղեցին, կառուցվել «Սահակ-Մեսրոպ» վարժարանի նոր շենքը, որի հայերեն բաժնի տնօրինությունը վարել է մինչև իր պաշտոնավարության վերջը:
1975 թ. ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան ձեռամբ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Ապատյանի:
1980 թ. ընտրվել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ:
1984 թ. հոկտեմբերի 14-ին ձեռամբ Երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս:
1993 թ. հունվարին նրան շնորհվել է Արքության պատիվ:
Իր առաջնորդության տարիներին Տաթև Սրբազանը կազմակերպում է թեմն իր վարչական կառույցներով, ամբողջությամբ նորոգվում է 1928 թ. հիմնված ազգային Դուրյան վարժարանը, կանոնավոր հրատարակվում է թեմի «Սիփան» պաշտոնաթերթը:
Սրբազան Հայրն իր մասնակցությունն է բերել է Սան Պաուլոյի միջեկեղեցական ժողովներին և տարբեր էկումենիկ համախմբումներին: Իր բազմամյա ծառայության ընթացքում արժանացել է բազում պարգևների և շքանշանների: 2013թ. քահանայագործության հիսնամյա հոբելյանի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նրան շնորհվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան: