Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնվեց 21-րդ դարի երրորդ Մյուռոնը և կոչվեց Հաղթության Մյուռոն

Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնվեց 21-րդ դարի երրորդ Մյուռոնը և կոչվեց Հաղթության Մյուռոն 28.09.2015
Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնվեց 21-րդ դարի երրորդ Մյուռոնը և կոչվեց Հաղթության Մյուռոն

Սեպտեմբերի 27-ին` Վարագա Ս. Խաչի տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ 21-րդ դարի երրորդ Մյուռոնօրհնեքը:
Մյուռոնօրհության սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, թեմակալ առաջնորդներ ու թեմական պատվիրակություններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, ազգային բարերարներ, մշակույթի և գիտության գործիչներ և Հայաստանից ու աշխարհասփյուռ համայնքներից ժամանած բազմահազար ուխտավոր հայորդիներ:

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու կյանքի այս կարևոր պատմական իրադարձությանը Հայոց Եկեղեցու հոգևոր դասին և համայն հայ ժողովրդին աղոթակից էին Ղպտի Ուղղափառ Եկեղեցու, Ասորի Ուղղափառ Եկեղեցու, Հնդիկ Մալաբար Եկեղեցու, Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Հույն Ուղղափառ Պատրիարքության, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքության, Ռուս Ուղղափառ Եկեղեցու, Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու, Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու, Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու, Չեխիայի Ուղղափառ Եկեղեցու, Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու, Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու, Հույն Կաթոլիկ Եկեղեցու, Ասորի Կաթոլիկ Եկեղեցու, Հայ Կաթողիկե Եկեղեցու, Անգլիկան Եկեղեցու, Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցու, Սան Էջիդիո համայնքի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակներն ու ներկայացուցիչները:

Արարողությունն սկսվեց երեկոյան ժամը 17:00-ին: Տերունական աղոթքից հետո Հայրապետական հանդիսավոր թափորը Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի առջևից շարժվեց դեպի Մայր Աթոռի` Ս. Տրդատ արքայի անունը կրող Բաց Խորանը: «Խորհուրդ խորին» և «Ուրախ լեր» շարականների երգեցողության և Մայր Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո, խաչերի և խաչվառների առաջնորդությամբ, ուխտավորների ծափողջույնների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը, օրհնելով ներկա ժողովրդին, ամպհովանու ներքո ուղեկցվեց դեպի Բաց Խորան:

Վեհափառ Հայրապետի ընթերականերն էին Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Հայրապետական թափորի մեջ տարվում էին Մյուռոնօրհնության արարողության ժամանակ գործածվող սրբազան մասունքները, Սկևռայի մասանց պահարանի կրկնօրինակը և Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասանց պահարանը, Սրբալույս Մյուռոնի նյութերը և այլ սրբություններ: Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կրում էր Կենաց Փայտի մասունքով խաչը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը` Ս. Գեղարդը, ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը կրում էր Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը` Ծաղկանց նյութի սափորը, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը` Բալասանի սափորը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը` Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից այս առիթով դուրս բերված Վեհափառի Ավետարանը, Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը` Ս. Անդրեաս առաքյալի մասունքով Աջը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` Ս. Ղուկաս Ավետարանչի մասունքով Աջը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը` հին Մյուռոնով Մյուռոնաթափ մեծ աղավնին, Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը կրում էր Ս. Թադեոս առաքյալի մասունքով Աջը:

Զույգ բուռվարակիրներ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանի և Հոգեշնորհ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի առջևից եկեղեցական շապիկով քայլում էր Ս. Մյուռոնի կնքահայրը` Մայր Աթոռի բարերար տիար Հայկ Տիտիզյանը:

Մայր Տաճարի երգչախումբը «Հրաշափառ» շարականի հանդիսավոր կատարումով Բաց Խորանի մատույցներում դիմավորեց Հայրապետական թափորին, ապա միասնական Տերունական աղոթքով սկսվեց Մյուռոնօրհնության խորհրդավոր արարողությունը:

Սկզբում «Որ զշնորհս» շարականի երգեցողության ներքո բուրվառակիրները խնկարկեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած եպիսկոպոսաց դասը և Սրբալույս Մյուռոնի կաթսան, ապա Հին ու Նոր Կտակարաններից հատվածներ և Ս. Մյուռոնին նվիրված աղոթքներ ընթերցվեցին:

Ավետարանից հետո հնչեց «Բաց մեզ Տէր» շարականը, որի ժամանակ խորան հրավիրվեց Մյուռոնի կնքահայր տիար Հայկ Տիտիզյանը, ով Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ միասին բացեց Ս. Մյուռոնի կաթսան:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մյուռոնի կաթսայի մեջ հեղեց ծաղկանց նյութը և բալասանը, որից հետո ձեռամբ Նորին Սրբության կաթսայի մեջ լցվեց նաև Անթիլիասում օրհնված նոր Մյուռոնը, որ Վեհափառ Հայրապետին էր մատուցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը:

Սրբազան Ավանդության համաձայն` «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգակցության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեռոնաթափ աղավնիով կաթսայի մեջ հեղեց նաև հին Մյուռոնը` նորին փոխանցելով Ս. Գրիգոր Լուսավորչի ձեռքով օրհնված սրբալույս Մյուռոնի զորությունը:
Նորին Սրբությունն օրհնեց նոր Մյուռոնը, տյառնագրեց և խառնեց նաև Կենաց Փայտի մասունքով խաչով, Աստվածամուխ Ս. Գեղարդով և հայոց հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով։
Այնուհետև Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամն ուղղեց ներկաներին և համայն հայությանը, որից հետո «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի ներքո Նորին Սրբությունը, եպիսկոպոսաց դասը և Մյուռոնօրհնության կնքահայրը համբուրեցին նորօրհնյալ Մյուռոնի կաթսան:
Արարողությունը փակվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս. Գեղարդով օրհնեց ներկաներին:

Ուխտավոր ժողովրդին և Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչներին հնարավորություն տրվեց հպվելու Ս. Մյուռոնի կաթսային և ստանալու նոր Մյուռոնի օրհնությունը:
Մյուռոնօրհնության արարողության ավարտին թափորը Հայրապետական մաղթերգի ներքո ուղղվեց դեպի Մայր Տաճար:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Զօրութեամբ ամենասուրբ Հոգւոյդ եղիցի իւղս այս՝ իւղ ցնծութեան, զգեստ լուսաւոր…, սրբութիւն հոգւոց և մարմնոց …, կնիք արդարութեան, զէն հաւատոյ, նահատակ յաղթող ընդդէմ ամենայն գործոց բանսարկուին»
(Աղոթք սուրբ Մյուռոնի օրհնության):

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Ողորմած Աստծո նախախնամությամբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում Մյուռոնի օրհնությամբ հոգևոր մի նոր ուրախություն է հեղվում մեր կյանքին: Տոնական մեծ օր է: Վարագա Սուրբ Խաչի տոնն է՝ նվիրական հիշատակը Հայաստան բերված տերունական Խաչափայտի մասունքի հրաշքով հայտնվելու: Այս մեծասքանչ օրը հոգևոր անհուն ուրախության զգացումներով համայն հայոց հոգևոր կենտրոնում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարեցինք սրբալույս Մյուռոնի օրհնությունը:

Մեր աղոթքը բարձրացրեցինք առ Երկնավոր մեր Հայրը, որ Իր Սուրբ Հոգու շնորհով նյութեղեն այս յուղը վերափոխվի սրբության ու շնորհաբաշխ զորության: Մեր հայրերի օրհնության աղոթքով խնդրեցինք, որ «լինի յուղ ցնծության, զգեստ լուսավոր…, սրբություն հոգիների և մարմինների... կնիք արդարության, զենք հավատքի, հաղթող նահատակ ընդդեմ ամենայն գործոց բանսարկուի»: Խնդրեցինք, որ նրա սրբարար օծումով շարունակվի աստվածային պարգևների հեղումը հավատացյալների հոգիներին, հայոց մեր աշխարհին, համայն մեր ժողովրդի կյանքին:

Սրբալույս Մյուռոնը տեսանելի նշանն է Քրիստոսով օծման, որն ընդունում ենք մկրտության միջոցով՝ իբրև ժառանգակից Փրկչի: Մյուռոնով զգեստավորվում ենք Քրիստոսի սրբությամբ, մաքրվում մեղքից, որպեսզի ապրենք Աստծո արդարությամբ: Մյուռոնը զարթոնք և գարուն է հոգիների, ծաղկում՝ հավատքի, առաքինասեր կյանքի ու բարեպաշտ գործերի, վահան՝ ընդդեմ չարի, հաղթանակը, փառքն ու լուսեպսակը հավատացյալների, քանզի Երկնավոր մեր Հայրը Իր Որդու միջոցով, կոչեց մեզ մահվանից կյանքի, մեղքին ծառայությունից շնորհների ազատության և երկնային արքայության ժառանգության:

Աստծո ողորմությամբ այսօր աշխարհի բոլոր կողմերից ազգիս զավակները ուխտավորաբար համախմբվել են Սուրբ Էջմիածնում՝ աղոթակից լինելու սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը: Մեր ժողովրդի հազարավոր զավակների ներկայությունը այստեղ վկայում է մեր կյանքում կարևորությունն ու արժեքը սուրբ Մյուռոնի, որ կնիքն է քրիստոնեական մեր ինքնության ու շաղախը՝ ազգային մեր միասնականության: Մյուռոնում տեսնում ենք նաև մեր ժողովրդի հանդեպ Աստծո հոգածությունն ու խնամքը, Ով Իր փրկության շնորհը տարածեց Արարատի շուրջ սփռված հայոց մեր երկրի ու ազգի վրա: Մյուռոնի մեջ տեսնում ենք Սուրբ լեռն Արարատ, որի վրա հանգրվանեց Նոյ նահապետի փրկության տապանը, և աղավնու բերած ձիթենու շյուղը դարձավ խորհրդանիշը Աստծո խաղաղության, իսկ ձիթենու յուղը՝ օրհնյալ նյութը սուրբ Մյուռոնի: Մյուռոնի ամեն կաթիլում տեսնում ենք սուրբ Թադեոս առաքյալի ձեռքով Հայաստան բերված մեր Տիրոջ օծության յուղը: Տեսնում ենք սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի ձեռամբ Արածանիի` Արևելյան Եփրատի ջրերում, երկնքում ծագած տերունական խաչի լուսեղեն նշանի ներքո մկրտությունը հայոց Տրդատ արքայի, արքունիքի ու ժողովրդի: Մյուռոնում պատկերն է տերունաշնորհ Սուրբ Էջմիածնի, պատկերները՝ մյուռոնաօծ մեր վանքերի ու եկեղեցիների, խաչքարերի ու մագաղաթների, պատկերները՝ իրենց կյանքով Մյուռոնի լույսը տարածած մեր սրբերի: Մյուռոնը միախառնում է մեր անցյալն ու ներկան, այո, հավատում ենք, և գալիք բոլոր դարերը, քանզի բոլոր փորձությունների հանդիման մեր ժողովուրդը անխախտ պահեց Մյուռոնի դրոշմը՝ աներկբա վստահությամբ, որ այն «յուղ է ցնծության, զգեստ լուսավոր…, սրբություն հոգիների և մարմինների... կնիք արդարության, զենք հավատքի, հաղթող նահատակ ընդդեմ ամենայն գործոց բանսարկուի»:

Սուրբ Մյուռոնն իր հոգեղեն զորությամբ հավատքի զենք եղավ նաև 100 տարի առաջ Հայոց Ցեղասպանությանը զոհ դարձած մեր ժողովրդի զավակների համար, ովքեր հաղթող նահատակներ եղան՝ պահելով իրենց հավատարմությունն առ Աստված ու առ հայրենին: Եղեռնահար մեր ժողովուրդը մյուռոնադրոշմ հավատքով վերապրեց Ցեղասպանությունը, հաղթեց մահին: 100-ամյա մեր ուղին եղավ վերածննդի ուղի, և այսօր մեր անկախ պետականության հովանու ներքո ազգային զարթոնքի նոր հորիզոններ են լուսավորվում: Մեր նորօրհնյալ կյանքի հուսալերությամբ նորաեփ այս Մյուռոնը՝ օրհնված Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարում, նաև՝ մեր սրբացյալ նահատակների բարեխոսության հայցով, կոչում ենք ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՌՈՆ՝ հավատով, որ այն հավատացյալների հոգիներին դրոշմելու է մեր սուրբ նահատակների, Տիրոջ բոլոր վկաների և հայրենյաց պաշտպան մեր նախնյաց հոգու արիությունն ու անպարտ ոգին:

Սիրելիներ, արժևորենք մեր Մյուռոնը որպես Մյուռոն սրբացյալ կյանքի, Մյուռոն վերազարթոնքի, որպեսզի հոգևոր նորոգությամբ, մեր արդար կյանքով ու ողորմած գործերով շարունակենք վերելքի մեր ուղին: Արժևորենք մեր Մյուռոնն իբրև շաղախ ազգային միասնականության, որպեսզի կարող լինենք հաղթահարել մեր կյանքի դժվարությունները, փարատել հոգսերն ու նեղությունները: Այսօր, երբ աշխարհը լի է տագնապներով, մարդկային կյանքեր խլող հակամարտություններով՝ հատկապես Մերձավոր Արևելքում, ուր անասելի տառապանք և կորուստներ են կրում նաև մեր ժողովրդի զավակները, երբ խաթարված է անդորրը մեր հայրենիքի սահմաններում, և տակավին արդար վճիռ չի ստացել մեր ժողովրդի իրավունքների ճանաչումը, հրամայական է ամուր միասնականությամբ զորացնել մեր հայրենիքը, որ լինի ապավենը համայն մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի, մեր արդար դատի հաղթանակի և ոգեշնչող ուժը՝ ազգային զարթոնքի:
Սուրբ Էջմիածնից բաշխվող սրբալույս Մյուռոնը թող տարածի սրբությունը և հոգևոր առաքինությունների անուշաբույրը աշխարհում և հանուր մեր ժողովրդի կյանքում, ազգային-եկեղեցական մեր օրհնյալ անդաստաններում, հայ ընտանիքներում, մեր հայրենիքի սահմաններում, հայրենյաց պաշտպան մեր զինվորների,
մեր Եկեղեցու բոլոր զավակների սրտերում՝ դառնալով հաղթանակների և բարի գործոց նոր ձեռքբերումների զորություն: Երանաշնորհ մեր Հայրապետներից Սիմեոն Երևանցին Էջմիածնից սփռվող Մյուռոնի մասին ասում է. «Ինչպես արեգակի ճառագայթն է ծանուցում արեգակի գեղեցկությունն ու օգտակարությունը, ինչի շնորհիվ կառավարվում է երկիրը և դալար մնում, ճիշտ այդպես էլ սուրբ Մյուռոնն է միշտ քարոզում Սուրբ Էջմիածնի օգտակարությունն ու գեղեցկությունը: Ահա խորհրդավոր արեգակ Սուրբ Էջմիածինը, որ լուսավորում է ձեր հոգիներն ու մարմինները»: Թող Սուրբ Էջմիածնի Մյուռոնի հավերժական լույսը միշտ դրոշմվի մեր ժողովրդի զավակաց հոգիներին, որպեսզի մշտապես նորոգեն իրենց ուխտը առ Աստված, ուխտը՝ առ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ու նվիրական հայրենիքը: Թող աղավնու բերած ձիթենու շյուղով Արարատի փեշերից ազդարարված Աստծո խաղաղությունը ամրացնի արդարության, մարդասիրության ոգին աշխարհում, զորացնի համերաշխությունը և համագործակցությունը մարդկանց և ազգերի:

Այս օրհնաբեր և հոգենորոգ օրը Մենք գոհություն ենք վերառաքում առ Ամենակալն Աստված, որ Մեզ վերստին շնորհը պարգևեց կատարելու Մյուռոնօրհնության սրբազան արարողությունը՝ մասնակցությամբ և աղոթակցությամբ Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ Տիար Սերժ Սարգսյանի, Մեր հոգևոր եղբորը՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ներկայացնող Գերաշնորհ Տ. Մուշեղ և Շահան արքեպիսկոպոսների, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, քույր Եկեղեցիների Գերապատիվ Հովվապետերի և բարձրապատիվ ներկայացուցիչների, ուխտապահ մեր հոգևոր դասի, հայոց պետական ավագանու, դիվանագիտական առաքելությունների ղեկավարների և ներկայացուցիչների և հայրենաբնակ ու Սփյուռքից ժամանած մեր ժողովրդի բազում բարեպաշտ զավակների: Հոգու բերկրությամբ եղբայրական Մեր ողջույնն ենք հղում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին և քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ աղոթքով ու մաղթանքով, որ Տերը միշտ անսասան ու պայծառ պահի Իր Սուրբ Եկեղեցին Ավետարանի կենարար պատգամներով մարդկության կյանքը լուսավորելու և փրկության առաջնորդելու առաքելության մեջ:
Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը խաղաղություն ու ապահովություն պարգևի աշխարհին և Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկրին: Եվ թող Տիրոջ Սուրբ Հոգու շնորհներով առատապես օրհնվի մեր ժողովրդի և համայն մարդկության կյանքը:

Շնորհք, սէր և ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն: