Հրատարակվել են 2011թ. օրացույցներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել 2011թ. օրացույցներ:
Այս տարի լրանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական օրացույցի տպագիր հրատարակության 145-րդ տարին: Այն իր մեջ բովանդակում է եկեղեցական տարվա մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: 2011թ. պաշտոնական օրացույցը կազմել են Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը եւ Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Օրացույցի վերջում զետեղված են նաեւ տեղեկություններ Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռների եւ թեմերի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության եւ պաշտոնեության վերաբերյալ:
Հրատարակչական բաժնի կողմից լույս է տեսել նաեւ 2011թ. սեղանի օրացույց: Ամենօրյա ժամատախտակներին զուգահեռ այն բացատրություններ է տալիս բոլոր տոների եւ սրբոց հիշատակության օրերի մասին:
Այս տարի Մայր Աթոռը հրատարակել է նաեւ պատկերավոր օրացույց` ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարներով: 1960-ական թթ. երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ օժանդակությամբ Հ. Ռուխկյանը ստեղծել է Հայաստանի պատմական եկեղեցիների շուրջ 120 պատկերներ, որոնցից լավագույնները զարդարում են այս օրացույցի էջերը: