«Հրաշափառի» եւ բարիգալստյան արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ս. Տրդատի կամարի մոտ, դիմավորեց Մայր Աթոռի միաբաններից, թեմակալ առաջնորդներից, ռուս հոգեւորականներից եւ ճեմարանականներից կազմված խաչվառազարդ թափորը: Խունկի օրհնությունից հետո, Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո երկու հովվապետերը, օրհնելով խուռներամ ժողովրդին, «Հրաշափառ» շարականի հանդիսավոր երգեցողությամբ առաջնորդվեցին Միածնաէջ Մայր Տաճար:
Իջման Սուրբ Սեղանի առջեւ երկու գահակալները խոնարհվեցին` համբուրելով Աստվածընկալ Ս. խաչը եւ Ավետարանը, որից հետո սկսվեց բարիգալստյան արարողությունը:
Հայաստան Կիրիլ Պատրիարքի այցի առիթով Մայր Տաճար էր բերվել Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի շնորհաբաշխ Աջը: «Լերինք ամենայն այսօր ցնծացեք» շարականի երգեցողության ներքո Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տաճարի ավանդատնից բերեց Ս. Աջը, որը Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը տեղադրեց հատուկ պատվանդանի վրա` ի խոնարհումն երկու հովվապետերի, եկեղեցականաց դասի եւ հավատացյալ ժողովրդի: Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված շարական էին երգում նաեւ ռուս եկեղեցականները:
Ապա խոնարհումից հետո իրենց ողջույնի խոսքն ու օրհնությունը ներկաներին փոխանցեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը:
Քրիստոսահիմն եւ լուսավորչահաստատ Մայր Տաճարում ողջունելով Կիրիլ Պատրիարքի ուրախառիթ այցը` Հայոց Հայրապետն ասաց. «Ձեր այցելությունը Հայաստան սկսվում է աղոթքով միածնաէջ այս տաճարում: Միասնական մեր աղոթքը գրավականն է եւ վկայությունը Քրիստոսի Սուրբ Եկեղեցու ճշմարիտ միասնության, այն ոգին է քրիստոնեական եղբայրության, երբ մենք, որպես մեկ երկնավոր Հոր հարազատ զավակներ, միասնաբար դիմում ենք մեր Տեր Աստծուն` «Հայր մեր, որ երկնքում ես» Տերունական աղոթքով:
Ձեր այցելությունը մեկ անգամ եւս վկայությունն է մեկ ընդհանուր Աստծո, մեկ Ավետարանի եւ Եկեղեցու միասնականության` իբրեւ Քրիստոսի մեկ մարմին, ճշմարիտ եւ անփոփոխելի իրականության»:
Անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու դարավոր հարաբերությունները հատկանշող քրիստոնեական եղբայրության եւ գործակցության ոգուն Վեհափառն ասաց. «Ձերդ Սրբություն, այս օրերին մեր եկեղեցին եւ մեր ժողովուրդը պիտի վայելեն Ձեր սերն ու օրհնությունը, աղոթքն ու զորակցությունը` փոխադարձաբար մատուցելով Ձեզ եւ Ձեր անձի միջոցով հայ ժողովրդի անվերապահ սերը եւ երախտագիտության ջերմ զգացումները հանդեպ Ռուս Եկեղեցին, ռուս մեծ ժողովուրդը եւ Ռուսաստանի պետությունը, որ դարեր շարունակ սիրով եւ եղբայրաբար ընդունել եւ շարունակում են հյուրընկալել եւ եղբայրական հոգատարություն ցուցաբերել բազնահազար հայորդիների, ովքեր բնակություն են հաստատում Ռուսաստանի Դաշնության սահմաններում»:
Վերստին ողջունելով Կիրիլ Պատրիարքի այցը Մայր Աթոռ` Հայոց Հայրապետը մաղթեց, որ Աստված Պատրիարքի այցելության օրհնությամբ առավել ամրացնի եւ առավել զորացնի մեր երկու Եկեղեցիների եւ երկու ժողովուրդների անեղծ եղբայրական սերն ու ջերմությունը:
Իր խոսքում Կիրիլ Պատրիարքը շնորհակալություն հայտնեց եղբայրական ջերմ ընդունելության համար: Անդրադառնալով քրիստոնեական հավատքի կաեւորությանը հայ ժողովրդի կյանքում` Կիրիլ Պատրիարքը հիշատակեց Հայ Եկեղեցու մեծագույն սրբերին` Սբ. Գրիգոր Լուսավորչին ու Հռիփսիմյանց կույսերին, որոնք հավատքի սերմեր ցանեցին Հայաստանի օրհնյալ հողում:
Արարողության ավարտին Հայրապետները Սբ. Գրիգոր Լուսավորչի Աջով օրհնություն բաշխեցին հավատացյալ ժողովրդին եւ ապա եկեղեցական թափորով ուղղվեցին դեպի Վեհարան: