«Հրաշափառ»-ի արարողություն Հայոց Պատրիարքության Սուրբ Աստվածածին աթոռանիստ եկեղեցում
Հունիսի 22-ի երեկոյան ավարտվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական փոխադարձ այցը Կոստանդնուպոլսի Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա Տիեզերական Պատրիարքին եվ սկսվեց Հովվապետական այցելությունը Կ.Պոլսի Հայոց Պատրիարքություն եվ պոլսահայ համայնքին:
«Հրաշափառի» հանդիսավոր երգեցողության ներքո պոլսահայ համայնքը մեծ ցնծությամբ ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին եվ ուղեկից շքախմբին Ստամբուլի Սուրբ Աստվածածին աթոռանիստ եկեղեցում: Բարիգալստյան արարողությանը ներկա էին Հայոց Պատրիարքության բարձրաստիճան եկեղեցականներ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, Թուրքիայում ՀՀ ներկայացուցիչ տիար Կարեն Միրզոյանը, բազում հավատավոր հայորդիներ, ովքեր եկել էին առաջին անգամ տեսնելու Հայոց Հովվապետին եվ ստանալու Հայրապետական իր Մյուռոնաբույր աջի օրհնությունը:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունեց Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը` հանուն Հայոց Պատրիարքության, եկեղեցականների եվ բարեպաշտ հոտի բարի գալուստ մաղթելով Իստամբուլ եվ հրավիրելով Նորին Սրբությանը Հայրապետական իր խոսքն ուղղելու ներկա հավատավոր ժողովրդին:
Պատմական ու հուզիչ այդ պահին Վեհափառ Հայրապետը գոհություն ու փառաբանություն բարձրացրեց առ Աստված «Թագաւոր խաղաղութեան, Քրիստոս Աստուած մեր, պարսպեալ պահեա° զժողովուրդս քո ընդ հովանեաւ սուրբ եւ պատուական խաչի Քո ի խաղաղութեան» աղոթքով: «Այժմ ձեզ հետ ենք, սիրելիներ: Նվիրական այս աղոթքը դարեր շարունակ հնչել է նաեվ հոյակերտ այս եկեղեցում: Հնչել է շուրթերից մեր Եկեղեցու քաջանուն ու փառավորյալ շատ հոգեվորականների, ովքեր հավատի մարտիկներ եղան, քաջ հովիվներ, որ իրենց կյանքը նվիրեցին Աստծուց իրենց վստահված հոտի համար եվ հավատի կենարար լույսով առաջնորդեցին դեպի արարումների, նվիրումի ու հավատարմության: Կոստանդնուպոլսի Հայոց հինգ Պատրիարքներ Աստծո եվ ազգի կամոք կոչվեցին` որպես Ամենայն Հայոց Հայապետ, առաջին սպասավորը լինելու մեր Սուրբ Եկեղեցու եվ այս Սուրբ Խորանի առջեվ ծունր դնելով, Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը ազգիս համար հայցելով` մեկնեցին բազմելու Լուսավորչի Գահին: Դժվարին ժամանակներում լուսամիտ եվ քաջակորով Հայրապետները պահպանեցին մեր ժողովրդին` համախումբ Սուրբ Էջմիածնի շուրջ` փրկության հույսով ու հավատով: Ահա Լուսավորչի Գահից` հավատի մեր սրբօրրան Սուրբ Էջմիածնից, սիրելի բարեպաշտ հավատացյալներ, եկել ենք Մեր օրհնությունն ու սերը բաշխելու ձեզ, եկել ենք, որպեսզի Հայրապետ եվ հոտ` մեր սուրբ հայրերի նույն ուխտով միավորենք մեր աղոթքները նրանց հայցին` հանուն աշխարհի խաղաղության եվ ի սփյուռս աշխարհի ազգիս` հավատով ու միաբան պահպանության:
...Վեց հարյուր տարի Պատրիարքության եկեղեցիները զորավոր պահեցին առ Քրիստոս հավատը եվ փրկության հույսը մեր ժողովրդի հոգում, վեց հարյուր տարի դպրոցներում անաղարտ հնչեց մեր մայրենի լեզուն, ու ոգի դարձան հայրենական ավանդները: Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հետ կապված են մեր մշակույթի ամենաբյուրեղ բարձունքներ` գրականության, գեղարվեստի, երաժշտության, ճարտարապետության ասպարեզներում:
...Այդ մեծ ժառանգության կրողն ու պահպանողն եք դուք` առաջնորդությամբ նվիրյալ հոգեվորականների` ի գլուխ Ամենապատիվ Սրբազան Պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի: Ամեն հայի համար, նույնիսկ եթե չի եղել այստեղ, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը իր անցած ուղիով, հայ կյանքին բերած արգասիքներով ու ներկայով շարունակում է մնալ մարմնավորում հավատարմության` հավատարմության հայրենական մեր արժեքներին, քրիստոնեական ոգուն, խաղաղության, արդարության հույսին, աշխարհի փրկության հույսին, որի շնորհը ունենք Քրիստոսով:
Այս զգացումով ու ապրումով եկանք դեպի ձեզ, այցելելու հնագույն, խնկաբույր եկեղեցիները, որ պայծառ են ձեզանով, կրթական ու մշակութային հաստատությունները, որ շարունակում են լույսով լեցուն մնալ ձեր նախանձախնդրությամբ: Եկանք օրհնելու ձեր ընթացքը, քաջալերելու ձեր նախանձավոր ոգին, անվարան կամքը եվ անսակարկ նվիրումը, որով ամուր կանգնած եք Սուրբ Գրիգոր Լուսավորչի հաստատած հավատի վեմի վրա` Ձեր հոգիներում առկայծ պահելով Սուրբ Էջմիածնի լույսը, որը միշտ անմար փայլել է Պատրիարքության վանքերում ու եկեղեցիներում: Հայոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անհուն կարոտն ու սերն ենք բերել ձեզ, սիրելի ժողովուրդ, ողջույն ենք բերել աշխարհասփյուռ մեր ժողովրդից, որ միշտ ձեզ հետ են իրենց ամենաջերմ աղոթքով: Բերել ենք նաեվ` մեր Հայրենիքի վերածնվող նոր կյանքի լավատեսությունը, համայն մեր ժողովրդի միասնական հոգեվոր, մշակութային կյանքի զորացման հույսերը: Իր բոլոր զավակներով է հաստատուն ու պայծառ մեր Սուրբ Եկեղեցին եվ զորավոր իր առաքելության ճանապարհին, որ նույնն էր երեկ, այսօր ու միշտ` առաջնորդելու հայոց փոքր հոտը դեպի կենարար ու փրկարար լույսը հավատի, դեպի խաղարարար ու բարերար Աստված: Հավատարիմ մնանք Տիրոջ Սուրբ Ավետարանին, հավատարիմ մնանք մեր Սուրբ Եկեղեցուն եվ մեզ ավանդված խաղաղության հայցին», - ասաց Նորին Սրբությունը Հայրապետական սիրո եվ օրհնության իր պատգամում:
Վեհափառ Հայրապետը նաեվ աղոթք բարձրացրեց առ Ամենողորմ Տերը Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության երջանկահիշատակ Գահակալների արդար հոգիների հանգստության համար: Հայցով առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց նաեվ, որ Հիսուս Քրիստոս Իր սուրբ ու պատվական Խաչի ներքո պահպանի հաստատուն, շեն ու պայծառ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը եվ երկար տարիների օրհնյալ գահակալություն պարգեվի Ամենապատիվ Մեսրոպ Պատրիարքին:
Այնուհետեվ, ողջույնի արարողության ավարտին, ընթերցվեց Հայրապետական Սրբատառ կոնդակ, որով Գերաշնորհ Տ. Արամ եպիսկոպոս Աթեշյանին` Կրոնական ժողովի ատենապետին եվ Պատրիարքության լուսարարապետին, Մայր Եկեղեցուն բերած տասնյակ տարիների անսակարկ նվիրյալ ծառայության եվ վաստակի համար շնորհվեց արքության պատիվ: