Հրաժեշտի ցերեկույթ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում
Դեկտեմբերի 10-ին, Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժեշտի ցերեկույթը: Նա վերադառնում է Կոստանդնուպոլիս` իր հոգեւոր ծառայությունը շարունակելու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում:
Հայաստանի Հանրապետության եւ ճեմարանի օրհներգերի կատարումից հետո ներկաներին իր խոսքն ուղղեց Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Ճեմարանում պաշտոնավարելու տարիները Սահակ Սրբազանը համարեց իր կյանքի ամենրդյունավետ ժամանակաշրջանը: «Հինգ տարի առաջ ինձ համար հայրենիքը, Էջմիածինը մեծ գաղափարներ էին լոկ, այժմ միս եւ ոսկոր առան իմ էության մեջ: ...Պոլիս վերադառնում եմ իմ բոլոր բջիջները հայացած, էջմիածնացած: Շատ բաներ փոխեցին այս տարիներն իմ մեջ. կայունացա, հաստատվեցի եւ հասունացա», - նշեց Սրբազանն իր խոսքում: Ապա Սրբազանը շնորհակալություն հայտնեց ճեմարանի պաշտոնեությանն ու դասախոսական կազմին ըստ ամենայնի աջակցության եւ համագործակցության համար: Խոսքն ուղղելով ճեմարանականներին` Սրբազանն ասաց. «Այս ճեմարանի ամենակարեւոր տարրը տեսուչը չէ, այլ դուք եք: Մենք բոլորս ձեր ծառաներն ենք, ամբողջ Մայր Աթոռը, իր բոլոր կառույցներով միասին: Ծառայում ենք սիրով, ինչպես ծնողները ծառայում են իրենց երեխաներին: Ձեզ ծառայելը մեծ հաճույք եւ պատիվ էր ինձ համար: Շատ բան սովորեցի ձեզանից, մեծապես տպավորվեցի: Դուք մխիթարեցիք սփյուռքահայ եկեղեցականիս... Ձեզանով հոգիս լցվեց նոր հույսով հայության եւ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ»:
Իր խոսքում Սահակ Սրբազանը ողջունեց նաեւ նորանշանակ տեսուչ Տ. Գեւորգ վարդապետ Սարոյանին` մաղթելով շարունակել ճեմարանի ավանդույթները եւ հաջողությամբ նոր հանգրվանների հասցնել կրթական ասպարեզում Ամենայն Հայոց Հայրապետի տեսիլքը: Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը հայրական վերաբերմունքի եւ գուրգուրանքի համար` հայցելով Հայրապետի օրհնությունը հետագա ծառայության համար:
Իր հերթին Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի նորանշանակ տեսուչ Հայր Գեւորգն անդրադարձավ Սահակ Սրբազանի` անցնող հինգ տարիների ծառայությանը` վստահեցնելով, որ պիտի շարունակի ճեմարանական բոլոր բարի ավանդույթները: Հայր Սուրբը նաեւ երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին տեսչի պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար:
Ճեմարանի երգչախմբի կատարումներից հետո Սահակ սրբազանին իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը` իբրեւ բնաբան ընտրելով հայրերի խոսքը, թե` «Երանի այն մարդուն, որ հիշատակ ունի Սուրբ Էջմիածնում»: Անդրադառնալով Սահակ Սրբազանի Մայր Աթոռում անցկացրած տարիներին, նրա կրթական, դաստիարակչական, ինչպես նաեւ քարոզչական գործունեությանը` Նորին Սրբությունը մասնավորաբար նշեց. «Արդյունավոր էր իր գործունեությունը Մայր Աթոռում: Այն աշխատանքը, արդյունքները, որ արձանագրեց Սրբազանը իր օրինակելի նկարագրով, վարքով: Իր հավատքի խորը ապրումը, հավատավոր անձի կերպարը կարող եք վկայել բոլորդ: ... Հոգեւոր ճեմարանում Հայր Սահակին պաշտոնի կոչելով` մենք ցանկացանք, որ Հայր Սուրբը իր խոսքով, կյանքով, իր հավատքի ապրումով շաղախի մեր ճեմարանականների հոգիները, որպեսզի այս երիտասարդները, որ գալիս են աշխարհից, ունենան հավատքի նույն խորն ապրումը, որով հատկանշված էր Սահակ աբեղան:
...Մենք այսօր հրաժեշտ ենք տալիս Սրբազանին` բարի երթ ասելով եւ մաղթելով, որ արդյունավոր լինի իր հետագա գործունեությունը այնպես, ինչպես եղավ Մայր Աթոռում»: Վեհափառ Հայրապետը մաղթեց Սրբազանին Սուրբ Հոգու առաջնորդությամբ շարունակել խոսքն ու գրիչը ծառայեցնել մեր ժողովրդին եւ Սուրբ Եկեղեցուն: Նորին Սրբությունը նաեւ շնորհավորեց նոր տեսչին` վստահություն հայտնելով, որ Հայր Գեւորգը նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ կշարունակի ծառայությունը նոր պաշտոնում` եկեղեցականների արժանավոր սերունդ հասցնելով մեր Եկեղեցուն: