Հրաժեշտի հանդիպում Կաթոլիկ Եկեղեցու պատվիրակների հետ
Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական միասնության աջակցման պապական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխի և Մարոնիտ Եկեղեցու առաջնորդ, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք կարդինալ Մորան Մոր Ալ Ռայի Բուտրոսի հետ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Քույր Եկեղեցու ներկայացուցիչներին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման այս օրերին հայ ժողովրդին Կաթոլիկ Եկեղեցու կողմից ցուցեբերված զորակցության համար` նշելով, որ հոգևոր եղբայրների ներկայությունը ոչ միայն մխիթարություն, այլև` նոր լիցք և զորություն պարգևեց: Այս առնչությամբ Նորին Սրբությունն իր խոսքում գոհունակությամբ անդրադարձավ նաև ապրիլի 12-ին Ս. Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցված պատարագին:
Զրուցակիցները խոսեցին նաև Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերությունների ու սերտ գործակցության մասին:
Հանդիպմանը ներկա էին Ս. Էդիջիո համայնքի գլխավոր քարտուղար Հայր Մարկո Գնավին, Մերձավոր Արևելքի Եկեղեցիների Խորհրդի գլխավոր քարտուղար Հայր Միշել Ջալախը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: