Հունիսի մեկը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունիսի մեկը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 01.06.2013
Հունիսի մեկը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

     Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) և ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից համագործակցաբար կազմակերպված նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈՒՀ) «Լավագույն տնօրեն» և «Լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթի հաղթողները և նրանց շուրջ 600 սաները: Մայիսի 25-ին անցկացված մրցույթին մասնակցել էին նախապես հայտ ներկայացրած 44 տնօրեններ և 76 դաստիարակներ: Մրցույթի գրավոր և բանավոր փուլերի արդյունքում որոշվել են  լավագույն տնօրեններն ու դաստիարակները` յուրաքանչյուր մարզից և Երևանից` ընդհանուր 11 տնօրեն և 11 դաստիարակ:
     Այս կապակցությամբ, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Մայր Տաճարում տեղի ունեցավ մանուկների և մրցույթի հաղթողների օրհնության արարողությունը, որի ավարտին Վեհափառ Հայրապետն իր պատգամը բերեց արարողության մասնակիցներին:
     «…Սուրբ Ավետարանից տեղեկանում ենք, թե ինչպե´ս մեր Տեր Հիսուս սիրում և ջերմությամբ էր վերաբերվում բոլոր մանուկներին, օրհնում նրանց և թույլ տալիս, որ Իր մոտ գան` նրանց անարատ էության մեջ տեսնելով երկնքի արքայության բարիքները կրելու արժանիքը: Մարդկային ազգի փրկության համար Քրիստոս կարևորեց մանկանալու և մանկան պարզասրտության ու մաքրության բարի հատկությունները: Այս մտադրությամբ է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, կարևորելով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում հատկապես նախադպրոցական ուսումնական հաստատության միջավայրում զարգացող և հասակ առնող երեխաների կյանքում աստվածսիրության և հայրենասիրության հաստատուն գիտելիքների սերմանման առաքելությունը, այս տարի առաջին անգամ ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցաբար կազմակերպեց և իրականացրեց «Լավագույն տնօրեն» և «Լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթը», - նշեց Հայոց Հայրապետը:
     Իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծեց, որ հարկ է մանուկներին վաղ հասակից կրթել և դաստիարակել բարոյական սկզբունքներով, հոգեշահ խրատներով, և առաքինագործ կենցաղավարությամբ բարի օրինակ լինել նրանց` հավելելով, որ «երբ մանուկների մտավոր կրթությունն ընթանում է բարոյական և հոգևոր դաստիարակության հետ, ապա իմաստնանում են նրանց մանկական ըմբռնումները, և նրանց մատաղ սրտերը ձգտում են առաքինության մաքրության»:
     Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ՀՀ ԿԳ նախարարին` համագործակցության և Եկեղեցուն ցուցաբերած իր ազնիվ աջակցության համար: Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը բերեց մրցույթի կազմակերպիչներին, բոլոր մրցանակակիրներին և նախաձեռնության բարերար տիար Տիգրան Հովհաննիսյանին:
     Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված շնորհազարդի մանուկներին և հանապազ օրհնությամբ պայծառ երկինք և իմաստություն ու արիություն պարգևի նրանց` անսայթաք ընթանալու Տիրոջ ճշմարտության ճամփաներով, որպեսզի դառնան արժանավոր հետնորդները մեր փառապանծ հայրերի և իրենց կյանքով ու գործով պայծառություն բերեն մեր ժողովրդի և Հայրենիքի կյանքում` միշտ մնալով հավատարիմ զավակները առաքելահաստատ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
     Օրհնության արարողության ավարտին Վեհափառ Հայրապետի և ՀՀ ԿԳ նախարարի կողմից պատվոգրեր, գրքեր և դրամական պարգևներ շնորհվեցին լավագույնը ճանաչված տնօրեններին և դաստիարակներին:
     «Լավագույն տնօրեն» անվանակարգում մրցանակների արժանացան Սվետլանա Մանջոյանը (Արարատ, Վեդու N 2 մանկապարտեզ), Նունե Առաքելյանը (Երևան, Մալաթիա-Սեբաստիա N 90 մանկապարտեզ), Լիանա Խեչանյանը (Արագածոտն, Աշտարակի Արաքս Մուրադյանի անվ. մանկապարտեզ), Կարինե Գրիգորյանը (Արմավիր, Էջմիածնի N 15 մանկապարտեզ), Գայանե Մնացականյանը (Կոտայք, ք. Հրազդանի N 5 մանկապարտեզ), Լուսինե Հայրապետյանը (Շիրակ, Մարալիկի համայնքային նախադպրոցական հիմնարկ), Բելլա Կոստանյանը (Սյունիք, ք. Կապանի N 6 մանկապարտեզ), Արմաիդա Աբովյանը (Լոռի, ք. Վանաձորի N 35 մանկապարտեզ), Անահիտ Ղարիբյանը (Գեղարքունիք, ք. Սևան N 3 մանկապարտեզ), Գոհար Պողոսյանը (Վայոց Ձոր, ք. Եղեգնաձորի N 5 մանկապարտեզ), Շուշանիկ Գալստյանը (Տավուշ, Բերդի N 3 մանկապարտեզ):
     «Լավագույն դաստիարակ» անվանակարգում հաղթողներն էին Սեդա Սահակյանը (Արարատ, ք. Աշտարակի N 5 մանկապարտեզ), Աղավնի Համբարձումյանը (Արարատ,  գ. Վ. Արտաշատի «Լուսնթագ» մանկապարտեզ), Գյուլնարա Համբարձումյանը (Երևան, Դավթաշենի N 59 մանկապարտեզ), Սաթիկ Ալվալյանը (Արագածոտն, Աշտարակի «Մանուշակ»   մանկապարտեզ), Արաքսյա Ղազարյանը (Արմավիր, Էջմիածնի N 10 «Շուշան» մանկապարտեզ), Քրիստինե Վարդանյանը (Կոտայք, ք. Չարենցավանի «Հրաշք» մանկապարտեզ), Հասմիկ Խաչատրյանը (Շիրակ, ք. Գյումրու N 21 մանկապարտեզ), Մարգո Գրիգորյանը (Սյունիք, ք. Կապանի N 6 մանկապարտեզ), Սվետլանա Թումանյանը (Սյունիք, ք. Գորիս N 2 մանկապարտեզ), Աննա Հակոբյանը (Լոռի, ք. Վանաձորի N 5 մանկապարտեզ), Հասմիկ Մուշեղյանը (Գեղարքունիք, ք. Մարտունու N 3 մանկապարտեզ), Էմմա Բադալյանը (Վայոց Ձոր, ք. Եղեգնաձորի N 5 մանկապարտեզ), Գայանե Թամրազյանը (Տավուշ, գ. Հաղարծնի մանկապարտեզ):