Հունիսի 10-ին կսկսվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան
Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջեկեղեցական եւ հովվապետական վեցօրյա այցով կմեկնի Վրաստան` Վրաց Ուղղափառ եկեղեցու Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի հրավերով:
Այցի շրջանակներում Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպումներ կունենա Վրաց Ուղղափառ եկեղեցու Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի, Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սկաշվիլիի, ինչպես նաեւ Վրաստանում հավատարմագրված դիվանագետների, կրոնական համայնքների առաջնորդների, վրաց եւ հայ մտավորականության հետ:
Հունիսի 12-ին Նորին Սրբության ձեռամբ կվերաօծվի Հավլաբարի Ս. Էջմիածին եկեղեցին: Հունիսի 13-15-ը Վեհափառ Հայրապետը, ուղեկցությամբ Վրաց Պատրիարքի, Թբիլիսիից կմեկնի Ջավախք, ուր կայցելի Ախալցիխե, Ախալքալաք, Գանձա, Ասպինձայի, Նինոծմինդայի եւ Ծալկայի շրջկենտրոններ` հայրապետական իր օրհնությունը բաշխելու տեղաբնակ հայորդիներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին այցի ընթացքում ուղեկցելու են Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ՙԷջմիածին՚ ամսագրի փոխխմբագիր Տ. Շահե աբեղա Անանյանը` որպես գավազանակիր, տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը, դոկտոր Նիկոլայ Հովհաննիսյանը եւ դոկտոր Դավիթ Մուրադյանը: