Հուլիսին կգումարվի Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման ներկայացուցչական ժողով
Մարտի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ, Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման (ՀԵԵՄ) հոգևոր պատսխանատու Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման կենտրոնական գրասենյակի ժողով: Ժողովին մասնակցում էին ՀԵԵՄ բուհական պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը, ինչպես նաև գրասենյակի աշխատակազմը:
Ժողովի ընթացքում քննարկվեցին առաջիկայում` հուլիսի 1-4-ը, գումարվելիք Ներկայացուցչական ժողովի կազմակերպական հարցերը: Որոշվեց, որ ժողովին մեկական ներկայացուցչով կմասնակցեն Հայ Եկեղեցու բոլոր Նվիրապետական Աթոռներն ու թեմերը: Ներկայացուցչական ժողովի օրակարգում որոշվեց քննարկել 2015 թ. գումարվելիք 3-րդ Պատգամավորական ժողովի կազմակերպչական աշխատանքները և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ոգեկոչման ծրագիրը:
Քննարկման ընթացքում Հովնան Սրբազանը կարևորեց միջթեմական երիտասարդական համագործակցության ծրագրերի մշակումը, որոնք նույնպես կարծարծվեն առաջիկա Ներկայացուցչական ժողովին: Իսկ գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը Հովնան Սրբազանին ներկայացրեց կատարված աշխատանքները, քննարկվեցին առաջիկա ծրագրերը:
Ժողովին հրավիրված էր նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ում հետ քննարկվեցին Քույր Եկեղեցիների երիտասարդական թևերի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: