Հովվապետական այց Սանկտ-Պետերբուրգ եւ Ռիգա քաղաքներ
Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը քառօրյա հովվապետական այցով կմեկնի Սանկտ-Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) եւ Ռիգա (Լատվիայի Հանրապետություն):
Սանկտ-Պետերբուրգում Նորին Սրբությունը ներկա կգտնվի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումներին: Սալտիկով-Շեդրինի անվան ազգային գրադարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կկատարի ՙՀայ-ռուսական հոգեւոր կապեր՚ խորագրով հայկական գրքերի ցուցահանդեսի բացումը, ինչպես նաեւ կնախագահի Սանկտ-Պետերբուրգի ՙՀայ-ռուսական բարեկամության՚ մշակութային կենտրոնի օրհնության եւ բացման արարողությունը:
Հունիսի 29-ին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը կմեկնի Ռիգա, ուր հունիսի 30-ին կհանդիսապետի Ռիգայի Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օծման արարողությունը, հայրապետական իր օրհնությունը կբաշխի Լատվիայում բնակվող հայորդիներին:
Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցելու են Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը եւ Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: