Հովվապետական այց Նիս

Հովվապետական այց Նիս 11.09.2012
Հովվապետական այց Նիս

 

Նիս կատարած Հովվապետական այցի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 8-ին հանդիպում ունեցավ Ալպ-Մարիտիմ նահանգի նահանգապետ Քրիստոֆ Միրմանի հետ, այնուհետեւ հայրապետական պատվիրակության անդամների, թեմական եւ ծխական վարչականների, քաղաքապետարանի պաշտոնատար անձնանց եւ հավատացյալ հայորդիների հետ ուղեւորվեց Հայաստանի այգի, որտեղ ծաղկեպսակ զետեղեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, աղոթեց Եղեռնի զոհերի հոգիների խաղաղության համար: Նույն օրը Հայոց Հայրապետը ծաղկեպսակ դրեց նաեւ Համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանին:

Երեկոյան «Նեգրեսքո» հյուրանոցի սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընթրիք` ի պատիվ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Միջոցառման ընթացքում Վեհափառ Հայրապետի կողմից Հայ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով պարգեւատրվեց պատմաբան, հրապարակախոս, բարերար Հովհաննես Չիլինգիրյանը` ի գնահատություն Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ներդրած ջանքերի, եկեղեցանվեր ու ազգասեր երկարամյա վաստակի: Նորին Սրբությունը հանդես եկավ խոսքով` ի մասնավորի ասելով. «Սիրելիներ, դարերով վկայված է այն իրողությունը, որ մեր Սուրբ Եկեղեցուց, սրբազան արժեքներից հեռու հնարավոր չէ պահպանել ազգային ինքնությունն ու գիտակցությունը, անխաթար պահել հավատքը: Քրիստոսի Սուրբ Եկեղեցին գոյավորվում է միասնությամբ ու հավատացելոց հավաքականությամբ, քանզի ինչպես հաստատում է առաքյալը, ի Քրիստոս «մի մարմին ենք բոլորս» (Ա Կորնթ. Ժ 17): Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին միասնության այս անհերքելի ճշմարտությունը քարոզեց ու արմատավորեց մեր ժողովրդի մեջ` իբրեւ հիմք հայ քրիստոնեական եւ առ մեր Սուրբ Եկեղեցին հավատարմության այս հորդորով ենք եկել եւ ակնկալում նաեւ Հայ Եկեղեցու ծոցից հեռացած որոշ հայորդիների զղջումով վերադարձը Մայր Եկեղեցի, որը սիրող ծնողի պես փայփայում է իր զավակներին, սնում ու խնամում եւ բաշխում կենարար շնորհները Ամենակալ Տիրոջ: Բոլոր հայորդիք զավակներն են մեր Սուրբ Եկեղեցու, որն իր օրհնությունները բաշխում է ամենքին, ներում ապաշխարողի մեղքերը, հորդորում սրբորեն պահպանել ու հարգել մեր հայրերի կողմից հաստատված ու մեզ ավանդված եկեղեցական սրբազան կանոններն ու ավանդությունը եւ ապրել ու գործել հավատքով զորացյալ, որպեսզի շեն ու պայծառ լինի ազգային-եկեղեցական մեր կյանքը»:

Վեհափառ Հայրապետը հորդորեց հավատավոր հայորդիներին մեր Սուրբ Եկեղեցու եւ Հայրենիքի պայծառության նախանձախնդրությամբ շարունակել աստվածահաճո և բարեպաշտ ընթացքը, լինել օրինապահ ու պատվավոր քաղաքացիները Ֆրանսիայի, միշտ մնալ հավատարիմ եւ արժանավոր զավակները հայոց ազգի և Սուրբ Եկեղեցու:

Սեպտեմբերի 9-ին Հայրապետական սուրբ Պատարագ մատուցվեց Նիս քաղաքի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցում: Պատարագին ներկա էին Քույր Եկեղեցիների, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին, բազմաթիվ հավատացյալներ: Պատարագից հետո Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ Մարսելի և Նիսի ծխական խորհուրդների անդամների, հավատացյալ հայորդիների հետ: