«Հոգևորականներն ընդդեմ թրաֆիկինգի» դասընթացը Ծաղկաձորում
Հուլիսի 8-10-ը` Ծաղկաձորում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղան Բարեգործական հիմնադրամը «Հոգեւորականներն ընդդեմ թրաֆիկինգի» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր երկրորդ դասընթացը եկեղեցականների համար, որին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներից, Հայ Եկեղեցու Հայաստանի եւ Արցախի թեմերից ժամանած շուրջ 16 եկեղեցականներ: Դասընթացների նպատակն է խորացնել հոգեւորականների գիտելիքները թրաֆիկինգի, այդ երեւույթի կանխարգելման եւ զոհերի հետ աշխատանքի մասին:
Թրաֆիկինգին նվիրված դասընթացն սկսվեց միասնական «Տերունական աղոթքով», որից հետո բանախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ստրկության հարցերով հատուկ զեկուցող տիկ. Գյուլնարա Շահինյանը` ներկայացնելով աշխարհում եւ Հայաստանում թրաֆիկինգի ընդհանուր վիճակը, նրա դրսեւորումները, մարդկանց շահագործման սահմանման նոր միտումները, արտերկրում եւ Հայաստանում խնդրի վերաբերյալ օրենսդրական ակտերը, հասարակության մեջ թրաֆիկինգի զոհերի ինտեգրմանը եւ խնդրին վերաբերող այլ հարցեր: Քննարկումների ընթացքում բանախոսը պատասխանեց նաեւ ներկաներին հուզող բազմաթիվ հարցերի:
Եռօրյա դասընթացի ընթացքում տեղի ունեցան խմբային քննարկումներ զանազան թեմաների շուրջ, որոնց ընթացքում հոգեւորականները փորձեցին մատնանշել այն բոլոր ուղիներն ու ձեւերը, որոնց միջոցով եկեղեցականը կարող է օգնել թրաֆիկինգի զոհերին, փորձել ինտեգրել նրան հասարակության մեջ, դառնալ միջնորդը հասարակության եւ զոհերի ընտանիքի անդամների միջեւ: Մասնավորապես ընդգծվեց, որ շատ դեպքերում հենց փորձառու հոգեւորականի իմաստուն խորհրդի եւ խոսքի կարիքն ունեն թրաֆիկինգի զոհերը, ուստի այս հարցում մեծ դերակատարություն ունի նաեւ Հայ Առաքելական Եկեղեցին` իր դարավոր փորձառությամբ:
Մասնակիցներն առիթ ունեցան դիտելու նաեւ թրաֆիկինգի խնդրին նվիրված ուսուցողական եւ գեղարվեստական ֆիլմեր, որոնցից հետո տեղի ունեցան քննարկումներ:
Դասընթացի մասնակիցներն այցելեցին նաեւ Կեչառիսի վանական համալիր, ուր մասնակցեցին խաղաղական ժամերգության: