Հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում

Հոգևոր առաջնորդների  եռակողմ հանդիպում 28.11.2011
Հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում

Նոյեմբերի 28-ին Երևանում, ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստից հետո տեղի ունեցավ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում` մասնակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի:
Հանդիպմանը քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր̡ ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման գործում տարածաշրջանի կրոնապետերի  ունեցած կարևոր դերակատարությունը:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես եկավ հետևյալ խոսքով.  «Քիչ առաջ մենք առիթն ունեցանք անդրադառնալու ԱՊՀ միջկրոնական գործակցության հրամայականներին և մտքեր փոխանակելու մեր ժողովուրդներին հուզող հարցերի շուրջ: Ուրախ ենք, որ այժմ վերստին հավաքվել ենք եռակողմ ձևաչափով քննարկելու մեր տարածաշրջանի կոնկրետ խնդիրները, ի մասնավորի` Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը: Հիմնախնդրի լուծմանը նպաստող բարձր մակարդակի յուրաքանչյուր հանդիպում խաղաղության ամրապնդման հույս է ներշնչում մեր ժողովուրդներին: Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղարար և միջնորդական առաքելության, ինչպես նաև այս գործընթացում Ռուսաստանի Դաշնության նախագահ Մեծարգո Տիար Դմիտրի Մեդվեդևի անձնական ջանքերի շնորհիվ շարունակվում են մեր երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները` հանուն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և մեր ժողովուրդների խաղաղ համակեցության: Այս առումով ողջունում ենք մեկ տարի առաջ Աստրախանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված համատեղ հայտարարությունը` հրադադարի ռեժիմի ամրապնդման, ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների վերադարձման վերաբերյալ:
Հոգևոր առաջնորդներիս նախորդ հանդիպումները և համատեղ հայտարարություններն ու կոչերը նույնպես որոշակի հաջողություններ են արձանագրել հիմնախնդրին կրոնական երանգ չհաղորդելու, խաղաղ պայմաններում բանակցային գործընթացները շարունակելու և գերիների փոխանակման արդյունքներով: Անցյալ տարի Բաքվում կրոնապետերի համաշխարհային գագաթաժողովին Մեր մասնակցությունը, և այսօր Հայաստանում Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի մասնակցությունը ԱՊՀ երկրների կրոնապետերի նախագահության ժողովին նույնպես ձեռքբերում են, որ պիտի նպաստեն փոխվստահության և փոխըմբռնողության ոգու բարերար մթնոլորտի ձևավորմանը:
Դրական այս զարգացումներով հանդերձ խաղաղությունը տարածաշրջանում փխրուն է: Իրավիճակի կայունացմանը չեն նպաստում և մեծապես մտահոգիչ են աճող սպառազինությունը, ղարաբաղյան սահմանագծում հրադադարի խախտումները, դիպուկահարների գործողությունները, որոնց զոհ են դառնում անմեղ զինծառայողներ և քաղաքացիներ: Խաղաղության պահպանմանն ի խնդիր այսօր հրամայական է, որ դադարեն ռազմատենչ կոչերը, հրադադարի խախտման դրսևորումները, սահմաններից հեռացվեն դիպուկահարները, ժողովուրդների միջև չսերմանվեն ատելություն ու թշնամանք, և առկա հարցերը լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով: Հոգևոր առաջնորդներիս պարտքն է առավել ջանքեր բերել` ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման, ազգամիջյան համագործակցության և համերաշխության զորացման:
Աստուծո կամքն է աշխարհում խաղաղությունը և ժողովուրդների միջև սերն ու համերաշխությունը: ՙԽաղաղությու°ն արեք. և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ՚ (Բ Կորնթ. 13.11),- ասում է Սուրբ Գիրքը: Խաղաղությունը Աստծո պատգամը լինելով, արարչաստեղծ մարդկային կյանքի պահանջն է: Հարևանությամբ ապրող մեր ժողովուրդների համար, որ ձգտում են կառուցել իրենց բարօր ու երջանիկ կյանքը, այլընտրանք չկա խաղաղությանը: Հոգևոր առաջնորդներիս խաղաղության կոչը պետք է մշտահունչ և լսելի դարձնենք մեր ժողովուրդներն և իշխանություններին, որպեսզի Բարձրյալի կամքին ներդաշնակ, խաղաղությունը հարատև մեզ հետ լինի:
Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, եռակողմ հանդիպման այս առիթով աղոթքով հիշելով երանաշնորհ Ալեքսի Երկրորդ Պատրիարքին, Մեր շնորհակալությունն ենք բերում Ձեզ և Ռուս Ուղղափառ Եկեղեցուն, որ հակամարտության առաջին իսկ պահից միջնորդական ջանքեր գործադրեցիք ի խնդիր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և խաղաղության վերահաստատման: Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում եղել է խաղաղության ձգտող, հարևանների հետ համերաշխ գոյակցության ու համագործակցության ջատագով և միշտ հարգել է այլ ժողովուրդների կրոնական զգացումներն ու ստեղծած արժեքները: Մենք ուրախ ենք, որ միջպետական մակարդակով օրեցօր բազմակողմանի զարգանում են դարերով ամուր հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները, զորանում են նաև հայ-վրացական հարաբերությունները, որոնք նպաստում են մեր երկրներում հոգևոր կյանքի առաջընթացին: Լիահույս ենք, որ ներդրվող համընդհանուր ջանքերով կկարգավորվի Ղարաբաղյան հիմնախնդիրը, և կվերականգնվեն մեր ժողովրդի ու պետության և Ադրբեջանի ու նրա ժողովրդի բարի հարաբերությունները:
Մեր հայցն է, որ Բարձրյալ Աստված Իր օրհնության ներքո խաղաղ պահի աշխարհը համայն և ժողովուրդներին բոլոր` համերաշխ գոյակցության ու համագործակցության մեջ»:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահը ստորագրեցին համատեղ հայտարարություն: