Հոգեւորականաց տարեկան ժողովը
Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի
Մայիսի 25–28-ը Մոսկվայում կայացավ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի հոգեւորականաց դասի տարեկան հաշվետու ժողովը` նախագահությամբ Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի:
Տերունական աղոթքից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Առաջնորդ Սրբազան Հայրը` բարի գալուստ մաղթելով տարբեր երկրներից եւ քաղաքներից ժամանած քահանաներին: Ապա տեղի ունեցան հոգեւոր դասի հաշվետու ելույթները: Քահանաները մանրամասնորեն ներկայացրեցին իրենց համայնքներում արձանագրած առաջընթացները, խոսեցին նոր ծրագրերի եւ խնդիրների մասին: Ժողովի ընթացքում քննարկվեցին նաեւ հոգեւոր կյանքն աշխուժացնելու եւ հզորացնելու զանազան այլ հարցեր:
Սրբազան Հայրն իր ամփոփիչ ելույթում գնահատանքի խոսք ուղղեց թեմի հոգեւորականներին եւ հորդորեց ի կատար ածել մի շարք կարեւոր առաջադրանքներ. հնարավորինս միօրինականացնել բոլոր ծեսերը, զարգացնել կրթա-դաստիարակչական ծրագրերը` ստեղծելով «Հայորդյաց տուն» անվանումով հայեցի դաստիարակության կենտրոններ, աշխուժացնել երիտասարդաց միությունների գործունեությունը եւ այլն:
Մայիսի 28–ին Սրբազան Հոր առաջնորդությամբ հոգեւորականները եղան նորակառույց մայր եկեղեցում, միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված համալիրի արդեն ավարտին հասած փոքր եկեղեցում, ծանոթացան ընթացող շինարարական աշխատանքներին:
Մամլո Դիվան
Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի