Հոգեհանգստյան արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մարտի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանության կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Հայաստանում մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված անմեղ հայորդիների հիշատակին:

Վեհափառ Հայրապետը, աղոթք վերառաքելով առ Աստված զոհվածների հոգիների հանգստության համար, ամենքին միասնական աղոթքի հրավիրեց` հայցելու Տիրոջից խաղաղություն Հայոց աշխարհին եւ աշխարհասփյուռ զավակներին մեր ժողովրդի, որպեսզի ազգը հայոց շարունակի իր բարի ընթացքն այս աշխարհում` կերտելով խաղաղ ու ապահով, բարօր, սիրո մեջ ծաղկող Հայոց Հայրենիք: «Մեր ազգային կյանքում չկա ավելի բարձր ու ավելի մեծ նպատակ, քան ազգիս համերաշխությունը, խաղաղ կյանքը, մեր երկրի կայունությունը, Հայրենիքի անվտանգությունը: Ցավալիորեն, չկարողացանք այս ողջամտությունը հասանելի դարձնել մեր ժողովրդի զավակներին եւ ետ պահել նրանց անխոհեմ քայլերից»,- նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:

Նորին Սրբության կողմից հանձնարարական է տրված թեմակալ առաջնորդներին` այցելություններ կազմակերպելու եւ ըստ ամենայնի աջակցելու զոհվածների ընտանիքներին: