Հոգեհանգստյան արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հընթացս Սբ.Պատարագի կատարվեց հոգեհանգստյան արարողություն «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի հոգու խաղաղության համար:

Հոգեհանգստյան արարողությունից առաջ խոսած իր քարոզում պատարագիչ Հայր Սուրբը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանն ընդգծեց. «Հրանտ Դինքը պատկանում էր այն եզակի մարդկանց թվին, ովքեր համարձակորեն խոսում են արդի Թուրքիայում հայ ժողովրդի արդար դատի եւ Հայոց Ցեղասպանության փաստի մասին: Հրանտ Դինքը գաղափարի, մտքի, խոսքի եւ գրչի զինվոր էր, որ պայքարում էր մերժողականության դեմ եւ որին մեր ժողովուրդն արդարացիորեն դասեց Մեծ Եղեռնի զոհերի դասին: Ոճրագործ գնդակը լռեցրեց նրա կյանքը, բայց ոչ երբեք հանուն արդարության եւ հաշտության նրա գաղափարները` մեկ անգամ եւս փաստելով, որ հային կարող են սպանել, բայց ոչ երբեք հաղթել»: