Հոգեհանգստյան արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հունվարի 22եւին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան արարողություն «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հոգու խաղաղության համար, ով դավադրաբար սպանվել էր հունվարի 19եւին, Ստամբուլում:
Սուրբ Պատարագի ընթացքին քարոզեց Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի փոխտեսուչ Տ. Սահակ վարդապետ Մաշալյանը: Հայր Սուրբը խոսեց ճշմարտության եւ արդարության արժեքների մասին` անդրադառնալով Հրանտ Դինքի կյանքին եւ գործունեությանը:
Պատարագի սրբազան արարողությանը եւ հոգեհանգստյան պաշտոնին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ, բազում հավատավոր հայորդիներ:
Հրանտ Դինքի հուղարկավորության արարողությունները կատարվելու են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Սբ. Մարիամ Աստվածածին պատրիարքանիստ եկեղեցում: Նորին Սրբություն Գարեգին Բ Հայրապետական տնօրինությամբ արարողություններին հանուն Ամենայն Հայոց Կաթողիկոսության եւ Մայր Աթոռի միաբանության կմասնակցի ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: