Հոգեհանգստյան արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Դեկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ Պատարագ, հընթացս որի նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո երջանկահիշատակ Ալեքսի Բ Պատրիարքի հոգու խաղաղության համար:
Մինչ հոգեհանգստյան արարողությունը ներկաներին իր խոսքն ուղղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը` անդրադառնալով Ռուս Ուղղափառ Եկեղեցու նորոգ հանգուցյալ Հովվապետի կյանքին եւ գործունեությանը: Սրբազան Հայրը կարեւորությամբ ընդգծեց լուսահոգի Պատրիարքի հսկայական ավանդը Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգեւոր վերազարթոնքի մեջ: Եզնիկ Սրբազանը, մասնավոր անդրադարձ կատարելով Ալեքսի Բ Պատրիարքի միջկրոնական եւ միջեկեղեցական գործունեությանը, մասնավորապես խոսեց Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկա ջերմ կապերի եւ արդյունավետ համագործակցության մասին: Սրբազան Հայրը նշեց նաեւ հանգուցյալ Ալեքսի Բ Պատրիարքի խաղաղասիրական գործունեության մասին եւ շեշտեց Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված նրա գործադրած ջանքերը:
Սրբազան արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեպսան Նիկոլայ Պավլովը: