Հոգեհանգիստ Շենուդա Գ Պատրիարքի համար
Մարտի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն նորոգ հանգուցյալ Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Շենուդա Գ Պատրիարքի համար:
Արարողությանը ներկա էին Հայաստանում և Վրաստանում Պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին, Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը, ՀՀ-ում Եգիպտոսի և Լիբանանի դեսպանությունների ներկայացուցիչներ:
Արարողության սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ երջանկահիշատակ Շենուդա Պատրիարքի անձին և տասնամյակների բեղուն հովվապետական գործունեությանը: ՙՆրա ջանքերի և նվիրյալ աշխատանքի շնորհիվ Ղպտի Ուղղափառ Եկեղեցին նոր վերածնունդ ապրեց եկեղեցիների, նոր թեմերի, ծխերի, կրթական և բարեսիրական հաստատությունների հիմնադրմամբ: Նրա գահակալության շրջանը հատկապես նշանավորվեց անապատական հայրերի վանական հին ավանդության վերածննդով՚, - ասաց Նորին Սրբությունը:
Խոսելով Հայաստանում և Եգիպտոսում Ղպտի Պատրիարքի հետ ունեցած իր հանդիպումների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց. ՙՀանգուցյալ Հայրապետը, որպես Հայ Եկեղեցու և ժողովրդի բարեկամ, իր եղբայրական այցերով պատվել է Հայոց Հայրապետներին: Մենք աղոթքով ենք հիշում 2002 թ. Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կատարած իր եղբայրական այցը, երբ միասնաբար աղոթք վերառաքեցինք Միածնաէջ Սուրբ տաճարում, Ծիծեռնակաբերդում հարգեցինք հիշատակը Հայոց Ցեղասպանության նահատակաց, պատգամներ եւ օրհնություններ փոխանցեցինք մեր Եկեղեցու զավակներին և ապագա հոգևորականներին՚:
Նորին Սրբությունն ընդգծեց նաև հանգուցյալ Պապի` որպես քրիստոնեական միասնության և միջկրոնական համերաշխության ջատագովի նշանակալից ներդրումը միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններում, գործուն մասնակցությունը Էկումենիկ երկխոսություններում:
Վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից վերստին ցավակցություն հայտնեց Ղպտի Ուղղափառ Եկեղեցուն և Եգիպտոսի իշխանություններին: