Հոգեհանգիստ Մեծ Եղեռնի զոհերի հոգիների հանգստության համար
Սեպտեմբերի 27-ին, Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ Մեծ Եղեռնի զոհերի հոգիների հանգստության համար: Մինչ արարողությունը ծաղկեպսակ դրվեց հուշահամալիրում:
Հոգեհանգստի ընթացքում հայոց նահատակների հոգիների խաղաղության համար իրենց մայրենի լեզուներով առ Աստված աղոթեցին նաեւ Մյուռոնօրհնության տոնակատարությունների առիթով Մայր Աթոռ ժամանած քրիստոնեական քույր Եկեղեցիների ներկայացուցիչները:
Հոգեհանգստին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական Աթոռների ներկայացուցիչները, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ազգային բարերարներ եւ բազմաթիվ ուխտավոր հայորդիներ: Հայոց Հայրապետին քույր եկեղեցիներից ընկերակցում էին Օրենբուրգի եւ Բուզուրսկի Վալենտին միտրոպոլիտը` Ռուս Ուղղափառ Եկեղեցուց, Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու պատվիրակությունը` գլխավորությամբ Արեւելյան Եկեղեցիների Քահանայապետական Կոնգրեգացիայի պրեֆեկտ կարդինալ Լեոնարդո Սանդրիի, Բենիամին եպիսկոպոս Մենուֆեն` Ղպտի Ուղղափառ Եկեղեցուց, Եվստաթիոս Մաթա Ռոհամ միտրոպոլիտը` Ասորի Ուղղափառ Եկեղեցուց, Հնդիկ Մալանկարա Եկեղեցու պատվիրակությունը` գլխավորությամբ Թոմաս Աթանասիուս միտրոպոլիտի, Անգլիկան Եկեղեցուց Ջեոֆրի եպիսկոպոս Ռաուելը, ինպես նաեւ ներկայացուցիչներ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդից, «Կրոններն աշխարհում խաղաղության համար» կազմակերպությունից, Զմառի Կաթոլիկ Հայոց Պատրիարքությունից եւ Մխիթարյան միաբանությունից:
Վերջում միջեկեղեցական պատվիրակություններն այցելեցին նաեւ Ցեղասպանության թանգարան: