Հոգեհանգիստ Ճապոնիայի երկրաշարժի զոհերի համար
Մայիսի 4-ին, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Ճապոնիայում մարտին տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհված հազարավոր մարդկանց:
Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաեւ թեմակալ առաջնորդներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հոգեհանգստին ներկա էր նաեւ Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Հիսասի Տոկունագան:
Հոգեհանգստյան արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը ՙԵղբորից օգնություն ստացած եղբայրը նման է ամուր քաղաքի, նա հզոր ու բարձր է, ինչպես հաստատուն թագավորությունը՚ ¥Առակ. ԺԸ 19¤ բնաբանով խոսք ասաց, որը ներկայացվում է ստորեւ ամբողջությամբ.
ՙՍողոմոն իմաստունի շուրթերից հազարամյակներ առաջ հնչած այս խոսքը, այսօր էլ իմաստավորված է մեր կյանքում եւ արդիական հնչողություն ունի£ Իր ժողովրդի, պետության եւ մարդկության ճակատագրով անհանգստացած խորագետ ու աստվածուսույց թագավորը բոլոր ժամանակների համար կատարում է փորձառությամբ ամրագրված հաստատում. ՙԵղբորից օգնություն ստացած եղբայրը նման է ամուր քաղաքի, նա հզոր ու բարձր է, ինչպես հաստատուն թագավորությունը՚ ¥Առակ. ԺԸ 19¤£
Մարդու` իր նմանի հետ ունեցած հարաբերությունների խորքերն է բացում մեր առաջ աստվածաշնչյան իմաստությունը: Աստծո կողմից ի սկզբանե մարդն ստեղծվեց որպես արարչագործության եւ հասարակության հետ անքակտելի կապի մեջ եղող էակ եւ դրանց անբաժան մաս: Աստվածային այս ճշմարտությունն է հայտնում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս իր պատգամով` ՙՊիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը՚ (Ղուկ. Ժ 27)£ Մերձավորի, իր նմանի հանդեպ այս սերը առաջին պայմանն է Աստծուն սիրելու եւ Նրա սերը ճանաչելու, քանզի ՙով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաեւ իր եղբորը՚ (Ա Հովհ. Դ 21),- ասում է առաքյալը: Մարդ էակի մեջ առկա աստվածային պատկերն է, որ մեզ առիթն ու հնարավորությունն է տալիս Աստծուն տեսնելու ամեն մարդու ժպիտի կամ արցունքի, ուրախության կամ տառապանքի, հաջողության կամ աղետի մեջ: Քրիստոնեական վարդապետության այս հիմնադրույթի համաձայն` մարդկանց վշտակից եւ խնդակից լինելով ենք դառնում աստվածանման եւ քրիստոսանման:
Սիրելի հավատացյալ ժողովուրդ, այսօր միասիրտ ու միախորհուրդ համախմբվել ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` խնկարկելու մեր աղոթքը հազարավոր անմեղ մարդկանց հիշատակին, ովքեր զոհվեցին Ճապոնիայի հյուսիս-արեւելքում մարտի 11-ին եւ հաջորդած օրերին տեղի ունեցած աղետալի երկրաշարժերի ու ցունամիների հետեւանքով£ Մեր համատեղ աղոթքն այսօր մեր հավատի ու հավատարմության վկայությունն է քրիստոսավանդ պատվիրանին` վշտակցելու եւ մեր զորակցությունը բերելու Աստծո պատկերով ստեղծված մեր եղբայրներին, ովքեր դիմակայում են բնության աղետալի տարերքի ավերածություններին եւ վնասներին: Տառապանքի ու ցավի մեջ միմյանց սատար լինելով եւ մխիթարելով ենք հաստատում մարդուն սիրելու եւ կարիքի մեջ նրան զորակցելու աստվածավանդ մեր կոչումն ու պարտքը եւ ամրագրում մեր բարոյական վարքը£
Այսօր մարդկության համար անհրաժեշտ է այն գաղափարի որդեգրումը, որ Երկիրը մեր ամենքիս տունն է, աստվածակերտ ընտանիքը, որտեղ բնակվող ամեն անհատ` անկախ մաշկի գույնից, ազգությունից ու կրոնից, ունի իր իրավունքներն ու պարտականությունները` հադեպ Երկիր մոլորակի մեր մեծ ընտանիքը: Չէ որ մեր Տերն իր խոսքով հաստատում է, թե ՙերկինքն իմ աթոռն է, եւ երկիրը` իմ ոտքերի պատվանդանը՚ (Եսայի ԿԶ 1): Ուրեմն, աստվածաստեղծ մարդկային մեծ ընտանիքի մեջ ամենքս բարոյական պարտք ու պարտականություն ունենք ձեռք մեկնելու եւ մխիթարելու մեր բոլոր եղբայրներին, ովքեր կրում են աղետի կամ դժբախտության ծանր բեռը:
Ողբերգությունը, ցավն ու կորուստը պատկանելիություն եւ սահմաններ չեն ճանաչում£ Մեր ժողովուրդն էլ այս գիտակցության ու համոզմունքի դրսեւորման ականատեսը եղավ աջակցություն գտնելով Հայոց ցեղասպանության օրերին, 1988 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ, երբ Հայաստանին եղբայրաբար օգնության ձեռք մեկնեցին բազմաթիվ երկրներ, որոնց շարքում եւ Ճապոնիան: Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում ցավի ու նեղության մեջ իրեն սատար կանգնած անհատներին եւ երկրներին£ Այսօր, սիրելիներ, երկրաշարժի աղետից տուժած հազարավոր մարդկանց եւ հազարավոր զոհվածների հոգիների համար աղոթքի այս նվիրական պահին գոհունակ սրտով Հայրապետական Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում Հայաստանի Հանրապետության իշխանություններին` ի գլուխ մեծարգո Նախագահ տիար Սերժ Սարգսյանի, եւ բարեպաշտ աշխարհասփյուռ մեր զավակներին, որ եղբայրական օգնություն ցուցաբերեցին Ճապոնիայի ազնիվ ժողովրդին£ Մեր օրհնությունն ենք բերում նաեւ բոլոր այն ազնիվ անձանց, ազգերին ու պետական այրերին, ովքեր մարդկային բարոյական պարտքի աստվածատուր գիտակցումով անմիջապես արձագանքեցին ճապոնացի ժողովրդին օգնելու կոչին: Թող Տերն ամրացնի նրանց բարերար բազուկները եւ միշտ մարդասեր ընթացքի մեջ առաջնորդի նրանց գործերը£ Աղոթենք, որ այլեւս երբեք աղետն ու դժբախտությունը չբախեն եւ ոչ մի ժողովրդի դուռը եւ Տիրոջով զորացած ու ներշնչված մարդասեր սրտերն ու ձեռքերը երբեւէ չպակասեն մարդկային հասարակությունից£
Տիրոջ սերը, շնորհը, ողորմությունը եւ խաղաղությունը թող միշտ լինեն մեզ հետ եւ բոլորի` այսօր եւ հավիտյան. ամեն՚:
Այնուհետեւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ հնչեցին հոգեւոր երգեր եւ շարականներ: