Հավատի նվիրյալների Վինձորյան տոնակատարություն «Կենդանի մոլորակ» թեմայով
Նոյեմբերի 2-4-ը Վինձորյան պալատում (Մեծ Բրիտանիա) Էդինբուրգի դուքս Նորին Գերազանցություն արքայազն Ֆիլիպի նախաձեռնությամբ եւ Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի մասնակցությամբ տեղի ունեցավ «Կենդանի մոլորակ» թեմայով Հավատի նվիրյալների Վինձորյան տոնակատարությունը: Այս միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել ինչպես հոգեւոր, այնպես էլ տարբեր կազմակերպություններ ներկայացնող աշխարհիկ առաջնորդներ:
Տոնակատարության ընթացքում քննարկման դրվեցին ժամանակակից աշխարհի այնպիսի կարեւոր հիմնախնդիրներ, ինչպիսիք են բնական պաշարների չարաշահումը եւ դրա հետեւանքով առաջացած մթնոլորտի գլոբալ տաքացումը, ինչպես նաեւ` կրոնի վրա հիմնված էկոպիտակավորված համակարգերի ստեղծումը Իսլամական, Հինդուիստական եւ Հուդայական իրականության մեջ, բոլոր տեսակի կրոնական կառույցների կանաչապատմանը, անձեռնամխելի անտառների պահպանմանը, բարոյական ավանդների զարգացման քաղաքականությանը, բնապահպանության հարցում հավատի գերակշռող դերի մասին ուսուցողական ծրագրերի մշակմանը վերաբերող թեմաներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս միջոցառմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը եւ Հայաստանյան Կլոր Սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը: Հայ Եկեղեցու մասնակիցները հանդես եկան բանախոսությամբ եւ ներկայացրեցին Հայ Եկեղեցու հովանու ներքո Հայաստանյան Կլոր Սեղանի կողմից իրականացվող յոթնամյա բնապահպանական ծրագիրը: