Հանրապետական մաղթանք Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում

Հանրապետական մաղթանք Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում 21.09.2011
Հանրապետական մաղթանք Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակի առիթով, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ Հանրապետական մաղթանք:


Եկեղեցականների թափորի ուղեկցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մուտք գործեցին տաճար և իրենց խոնարհումը բերեցին ամպհովանու ներքո ամփոփված Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքներին: Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը տասներկու եպիսկոպոսների ուղեկցությամբ բարձրացան Սուրբ Խորան և կատարեցին գոհաբանական մաղթանք:
Արարողության ընթացքին սուրբգրային ընթերցումներից հետո Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը և Արամ Ա Կաթողիկոսը ծնրադիր ընթերցեցին Սիմեոն Երևանցի Կաթողիկոսի գրած <<Գոհանամք զքէն>> աղոթքը` հայցելով Աստծուց անսասանություն, պայծառություն ու բարօրություն Հայաստանի Հանրապետության և համայն հայոց ազգի համար: Այնուհետև եկեղեցական դասը օրհնությամբ մաղթեց, որ Աստված իր Ամենախնամ Ս. Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի Հանրապետությունը:
Տոնի առիթով կատարված հանդիսավոր արարողության ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իրենց օրհնությունն ու պատգամը բերեցին համայն հայ ժողովրդին:
Ստորև ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը:

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

<<Լեր հաւատարիմ..., 
և տաց քեզ զպսակն կենաց>>:
 (Յայտ. Բ 10)

<<Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան և ի Սփյուռս,
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի տոնական խնդությամբ այս սուրբ տաճարում այսօր Հայաստանի Նախագահ տիար Սերժ Սարգսյանի և Արցախի Նախագահ տիար Բակո Սահակյանի, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, հայոց պետական ավագանու, հոգևոր հայրերի, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների և ձեզ հետ կատարեցինք Հանրապետական մաղթանք և միասնաբար աղոթք բարձրացրեցինք հայրենի մեր պետության ամրության ու հաստատունության, խաղաղության ու բարօրության համար:
Անկախ պետականության վերականգնումը մեր ազգային կյանքի ամենամեծ իրադարձությունն է, որը նոր հույսեր է բերել մեզ և նոր հորիզոններ պարզել մեր առաջ: Այսօր առ Աստված գոհության, հպարտության, երջանկության զգացումներն են մեր հոգիներում: Երջանիկ ենք, այո, քանզի հայոց պետականության վերականգնման այս օրհնյալ օրը շատ սերունդներ են երազել, այս օրվա համար մեր ժողովրդի մեծանուն շատ զավակներ են ջանք ու նվիրում ներդրել և շատերն` իրենց կյանքը ընծայաբերել: Երջանիկ ենք, երջանիկ ենք նաև մեր պապերի ու հայրերի փոխարեն, ովքեր վառ պահեցին ու սերնդեսերունդ փոխանցեցին հայոց անկախ պետականության սերն ու ձգտումը: Երջանիկ ենք համոզումով, որ հայոց պետականության դրոշի ներքո մեր ժողովուրդը իր Հայրենիքը պիտի դարձնի երկնային օրհնությամբ լի երկիր դրախտավայր, որը լինի միշտ սյունն ու պատվարը աշխարհասփյուռ հայ կյանքի, մեր ինքնության արմատն ու ակունքը և ձգող ուժն ու առանցքը Արարատի շուրջ ազգիս վերախմբման:
Երկար ու դժվարին եղավ մեր անկախ պետականության վերականգնման ուղին: Դարեր շարունակ զրկված լինելով հայրենի պետականությունից` մեր ժողովուրդը կրել է հալածանք, տեսել ավեր ու կողոպուտ, ենթարկվել ցեղասպանության, հայրենազուրկ ու աշխարհասփյուռ եղել: Հայրենիքի փոքրիկ մի հատվածում, որը մաս կազմեց Խորհրդային Միության, մեր ժողովուրդը գտավ փրկություն, իր կյանքը կառուցելու, իր մշակույթը զարգացնելու ապահովություն, բայց նաև ապրեց մորմոքը փլուզված ու փակված եկեղեցիների, մոռացավ աղոթքն ու շարականը, ապրեց անազատ և կրեց նեղությունները բռնության ու աքսորի: Այս փորձություններին դիմակայելու համար գերագույն ջանքեր և ուժեր գործադրեց մեր ժողովուրդը, պահպանեց հույսն ու լավատեսությունը ապավինելով Աստծուն, Ով  պատգամում է` եղիր հավատարիմ, և ես քեզ կյանքի պսակը պիտի տամ: