Հանդիսություն Վանաձորի Ս. Գր. Նարեկացի եկեղեցում
Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի օրհնությամբ եւ Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցու արական եւ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի մանկական երգչախմբերի գեղ. ղեկավար Սերժիկ Հարությունյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին Վանաձորի Ս. Գր. Նարեկացի եկեղեցու ներքնահարկ սրահում կայացավ համերգ-հանդիսություն` նվիրված մեծանուն կոմպոզիտոր եւ երգահան Մակար Եկմալյանի 150-ամյա հոբելյանին:
Մակար Եկմալյանն առաջիններից էր, որ դրեց դասական հայ ժողովրդական-հայրենասիրական երգերի պահպանման, վեր հանման եւ աշխարհին ծանոթ դարձնելու անգնահատելի գործի հիմքը: Բազմաձայն Պատարագի հայրը հանդիսանում է Եկմալյանը` իր բազմաձայնություններով ու մշակումներով: Քչերին հայտնի նրա դաշնամուրային «Նոկտյուրնը» ցնցել է ողջ երաժշտական աշխարհը: Նրա մտքի ճառագմանն են պատկանում երգչախմբային եւ մեներգային բազմաքանակ մշակումները` «Հով արեք», «Կեցցե Զեյթուն», «Կիլիկիա», «Ով, Հայոց աշխարհ, «Պլպուլն Ավարայրի» ու ժողովրդական դարձած բազում այլ ստեղծագործություններ:
Այս գեղեցիկ ու հոգեպարար ստեղծագործություններն էին Վանաձորցի երաժշտասեր հասարակությանը բերել Մայր եկեղեցու սրահ, ուր նրանց ներկայացվեց երգահանի բազմոլորտ ստեղծագործություններից ընտրված մի գեղեցիկ փունջ Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցու արական երգչախմբի, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի մանկական երգչախմբի (գեղ. ղեկ.` Ս. Հարությունյան), Ս. Սարգիս եկեղեցու երգչախմբի (գեղ. ղեկ.` Ա. Ճուղուրյան), Բոգդան Հովհաննիսյանի, Մհեր Մելիքյանի, դաշնակահար Կարինե Երիցյանի եւ ՎՊՄԻ ուսանողների կատարմամբ: Երաժշտական կատարումներին զուգընթաց հանդիսականները ծանոթացան նաեւ Մակար Եկմալյանի կյանքին ու գործունեությանը, որը ներկայացվեց ՎՊՄԻ դասախոս, տեսաբան Հայկուհի Հակոբյանի կողմից:
Հանդիսականներին իր օրհնության խոսքը բաշխեց թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանը` կոչ անելով պահպանել մեր ազգային մշակույթը, չտրվել օտարածին ու օտարամուտ վարք ու բարքին: «Մակար Եկմալյանն այն բացառիկ հայ երգահաններից է, ովքեր հայ ժողովրդական ու հայրենասիրական, հոգեւոր երգերի մշակումներով աշխարհին են ներկայացրել հայոց արվեստն ու մշակույթը: Նրա բազմաձայն Պատարագը, որ ամեն կիրակի կատարվում է Հայոց եկեղեցիներում, սնում է հավատավոր հայորդու հոգին, դարերի լիցք հաղորդում հայոց ազգին: Սիրով պատրաստ ենք աջակցելու մշակույթի բոլոր գործիչներին, ովքեր ցանկություն ունեն հոգեւոր եւ ազգային երգն ու երաժշտությունը ներկայացնելու հայ հանդիսականին, եւ տրամադրելու Ս. Գր. Նարեկացու սրահը, որ նախատեսված է այսպիսի հանդիսությունների համար», - այսպես ավարտեց իր խոսքը Սրբազան հայրը:
Համերգ-հանդիսությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ: