Հանդիսություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քարոզչական կենտրոնի մեկ ամյակի առիթով
Մարտի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հանդիսություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քարոզչական կենտրոնի գործունեության մեկ ամյակի կապակցությամբ: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, կենտրոնի անդամները, բազմաթիվ հյուրեր տարբեր կրթական հաստատություններից ու երիտասարդական կազմակերպություններից:
Արարողության սկզբում խոսքով հանդես եկավ Քարոզչական կենտրոնի պատասխանատու Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը: Համառոտ անդրադառնալով կենտրոնի գործունեությանը և նրա շուրջ համախմբված երիտասարդությանը` Հայր Սուրբը մասնավորապես ընդգծեց, որ խմբի նպատակն ուղղված է Եկեղեցու առաքելության արդյունավորմանը:
Հանդիսության ընթացքում երաժշտական համարներով ու անհատական ասմունքով հանդես եկան կենտրոնի անդամները, որից հետո մի շարք երիտասարդներ նվերների արժանացան Վեհափառ Հայրապետի կողմից ակտիվ գործունեություն ծավալելու համար: Ներկաները դիտեցին նաև կենտրոնի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ:
Արարողությանը ներկա բարձրաստիճան հոգևորականներից Անգլիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը և Անգլիկան Եկեղեցու ներկայացուցիչ, Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ասոցիացիայի նախագահ Վիլյամ քահանա Թեյլորն իրենց տպավորություններն արտահայտեցին կենտրոնի գործունեության առիթով` բարձր գնահատելով երիտասարդների անձնվեր մասնակցությունն ու աջակցությունը Եկեղեցու առաքելությանը:
Հանդիսության ավարտին կենտրոնի անդամներին իր գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը նշեց, որ երիտասարդների կողմից կատարված աշխատանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Ավետարանի պատգամների ու պատվիրանների, Հայոց Եկեղեցու հանդեպ նրանց սիրո վկայությունն է: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ կենտրոնի մեջ ընդգրկվածները ջանում են տերունական պատգամներին համապատասխան ապրել և օգտակարություն բերել բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն Աստծու խոսքով մխիթարվելու, ովքեր կարիք ունեն Քրիստոսի Ավետարանով զորանալու, ներշնչվելու` հույսով ու լավատեսությամբ նայելու իրենց կյանքի ապագա ընթացքին: Նորին Սրբությունը նաև իր մասնավոր գնահատանքը բերեց քարոզչական կենտրոնի պատասխանատու Հայր Թովմային` խմբի աշխատանքներն արդյունավետ կերպով կազմակերպելու և ուղղորդելու համար, ապա հաջողություն մաղթեց կենտրոնի գործունեությանը` հայցելով Տիրոջ օրհնությունը, որպեսզի տարեց տարի այս կառույցն առավել հզորանա և նորանոր ոլորտներ ընդգրկի իր առաքելության մեջ: