Հանդիսավոր թափոր եւ Ս. Պատարագ Ս. Հռիփսիմյանց տոնի առիթով
Հունիսի 8-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ս. Հիփսիմյանց կույսերի պայծառ հիշատակը:
Օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ եկեղեցականաց հանդիսավոր թափորով եւ Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տների սաների թմբուկների ձայների ազդարարությամբ Ս. Հռիփսիմե վանք տարվեց Ս. Էջմիածնում պահվող` սրբուհու մասունքով Սուրբ Աջը:
Այնուհետեւ Ս. Հռիփսիմե վանքում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Ս. Հռիփսիմեի վանահայր Տ. Մատթեոս աբեղա Պողոսյանը: Հընթացս սրբազան արարողության Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով Ս. Հռիփսիմյանց կույսերի նահատակության պատմությանը եւ դրա կարեւոր խորհրդին Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման սրբազան գործում:
Պատարագի ընթացքում Հայաստանի տարբեր շրջաններից վանք ժամանած բազում ուխտավորներ առիթ ունեցան մոտենալու եւ օրհնություն ստանալու Ս. Հռիփսիմեի մասունքներից:
Վերջում կատարվեց մատաղի օրհնություն, որը բաժանվեց ուխտավորներին: