Հանդիպում Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի հետ Բացվեց Հայ-ռուսական բարեկամության մշակութային կենտրոնը
Հունիսի 28-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումների առիթով Սանկտ-Պետերբուրգ ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպմանը ներկա էին թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:.
Սանկտ-Պետերբուրգի նահանգապետը, ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, իր ուրախությունը հայտնեց Նորին Սրբության այցի առիթով` այն նկատելով վառ վկայություն երկու ժողովուրդների ջերմ եւ եղբայրական հարաբերությունների: Տիկին Մատվիենկոն անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մեծ ավանդին, ապա հպարտությամբ ընդգծեց հայ համայնքի կարեւոր բազմադարյա դերակատարությունը Սանկտ-Պետերբուրգի կյանքում: Նահանգապետն իր խոսքում կարեւորեց նաեւ մեր օրերում Եկեղեցու առաքելությունը հասարակության մեջ, հատկապես հոգեւոր-բարոյական արժեքների դաստիարակության անհրաժեշտությունը երիտասարդ սերնդի կյանքում:
Այնուհետեւ Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց նահանգապետին` բարի արդյունավորում մաղթելով պատասխանատու իր ծառայության մեջ: Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ նահանգապետի ջանքերին, որոնք միտված են առավել սերտացնելու երկու բարեկամ ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաեւ երախտագիտություն արտահայտեց հայորդիների եւ նրանց ազգային, հոգեւոր-մշակութային կյանքի նկատմամբ Ռուսաստանի, ինչպես նաեւ Սանկտ-Պետերբուրգի իշխանությունների կողմից ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար:
Զրույցի ընթացքում խոսվեց նաեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական փոխհարաբերությունների եւ գործակցության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի արդյունավետ գործընկերության մասին:
Նույն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցավ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի եկեղեցականաց դասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքի կյանքում Եկեղեցու առաքcլությանը եւ հոգեւորականների սպասավորությանն առնչվող հարցեր: Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդին եւ եկեղեցականներին նախանձախնդիր ու նվիրյալ ծառայության համար:
Կեսօրին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց Սանկտ-Պետերբուրգի Հայ-ռուսական բարեկամության մշակութային կենտրոնի բացման արարողությունը: Օրհնության արարողությունից հետո Նորին Սրբությանը ողջունեց Եզրաս եպիսկոպոսը, ապա անդրադարձավ կենտրոնի կարեւոր առաքելությանը համայնքի կյանքում: Նոր մշակութային կենտրոնի բացման առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաեւ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսը, Սանկտ-Պետերբուրգի նահանգապետարանի մշակույթի բաժնի պատասխանատուն եւ ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչը: Վերջում իր օրհնության եւ գնահատանքի խոսքը Սանկտ-Պետերբուրգի իշխանությունների ներկայացուցիչներին, կենտրոնի պաշտոնեությանը, բարերարներին եւ ներկա հավատավոր ժողովրդին ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը:
Ուրախություն հայտնելով Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքին այցելելու առիթով` Նորին Սրբությունը գոհաբանական աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Ռուսաստանը դարեր ի վեր սիրով ընդունել է մեր ժողովրդին, հնարավորություն ընձեռնել ապրելու խաղաղ, ստեղծելու եւ ստեղծագործելու, պահպանելու եւ զարգացնելու իր հոգեւոր ու մշակութային կյանքը: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ կենտրոնի բացմամբ կշարունակվեն ու կզարգանան եղբայրական սիրո ու համագործակցության, հոգեւոր ու մշակութային կապերի ավանդները, որոնք Աստծո օրհնությամբ առատորեն ծաղկել են Նեւայի ափին, Ռուսաստանի հյուսիսային այս մայրաքաղաքում նրա հիմնադրման առաջին տասնամյակներից: Նորին Սրբությունը նաեւ համոզում հայտնեց, որ կենտրոնը պիտի նպաստի, որպեսզի հայորդիների կյանքում ապրեն հայրենական ժառանգությունն ու արժեքները, հայ-ռուսական բարեկամության թանկագին հիշատակներն ու ավանդները: Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց ժողովրդին որդիական նույն սիրով հավատարիմ մնալ հայրերի սրբազան արժեքներին, մեր Եկեղեցուն եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` հորդորելով հայորդիներին պահպանել ազգային ինքնությունը, աճել ու զորանալ հավատքի մեջ, զավակներին կրթել մեր պատմության փառավոր էջերով ու հայրենական արժեքներով, սնուցել նրանց եղբայրության ավանդներով:
Նորաբաց կենտրոնում կազմակերպված առաջին միջոցառումը Սանկտ-Պետերբուրգի հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսն էր:
Ի նշան գնահատության կատարված ազգանվեր գործի` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական օրհնության գրեր շնորհեց Հայ-ռուսական բարեկամության մշակութային կենտրոնի բարերարներ Կարեն Մկրտչյանին, Յուրի Սարգսյանին, Արմեն Մկրտչյանին, Իգոր Ջանադովին, Էդուարդ Գասպարյանին, Հովհաննես Գադյանին, Ալբերտ Տապալցյանին, Գագիկ Զաքարյանին, Միքայել Ֆիլիկյանին, Յուրա Իսայելյանին եւ Ռուդիկ Ալթունյանին: Հայրապետական օրհնության գրի արժանացան նաեւ համայնքային կյանքին ակտիվ մասնակցություն բերող հայորդիներ` Խաչատուր Բդոյանը, Աստղիկ Քոչարյանը, Վլադիմիր Թաթոսովը, Ռուբինա Քալանթարյանը, Կարեն Ակոպովը, Սամվել Մովսիսյանը, Խաչատուր Հարությունյանը, Աշոտ Ներսիսյանը, Վահան Բաբախանյանը, Յուրի Բաբայանը, Նորիկ Պողոսյանը եւ Սերգեյ Տեր-Գաբրիելյանցը:
Երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբով ներկա գտնվեց Մոսկվայի եւ Սանկտ-Պետերբուրգի հայորդյաց տների սաների համերգին, որով ավարտվեցին հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումները: