Հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սլովակիայի Հանրապետության Տրնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշին` ուղեկցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց Տրնավայի երկրամասի և Արմավիրի մարզի միջև ձևավորվող համագործակցության առիթով` վստահություն հայտնելով, որ այն մեծապես կնպաստի երկու ժողովուրդների կապերի սերտացմանը:
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց տիար Միկուշին` Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու երկրների հոգևոր կյանքին և միջեկեղեցական հարաբերություններին:
* * *
Ապրիլի 24-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց և իր օրհնությունը բերեց ֆրանսահայ մի խումբ երիտասարդների` ուղեկցությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարերար Սարգիս Պետոյանի:
Նորին Սրբությունը գոհունակությամբ ողջունեց պատանի ուխտավորների այցը Հայրենիք և համայն հայ ժողովրդի նվիրական հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ընդգծելով նման այցելությունների կարևորությունը` Վեհափառ Հայրապետը նշեց, որ հայրենի հարուստ մշակույթի և սրբազան արժեքների անմիջական ճանաչողությունը ավելի է խանդավառում ու ոգեշնչում Սփյուռքի երիտասարդ հայորդիներին` զորացնելով նրանց սերն ու նվիրումը Հայրենիքի ու Եկեղեցու հանդեպ: Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավորապես հորդորեց ֆրանսահայ պատանիներին հետևել իրենց ուսումնառությանը, ակտիվ մասնակցություն բերել ազգային-եկեղեցական կյանքին:
Ամենայն Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքն ու օրհնությունը բերեց տիար Սարգիս Պետոյանին իր եկեղեցասեր գործունեության համար, ում ազնիվ բարերարությամբ կառուցվում է Սևան քաղաքի եկեղեցին: