Հանդիպում Հնդկաստանի նախագահի հետ
Մարտի 4-ին Նոր Դելիում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահական նստավայրում հանդիպեց Հնդկաստանի Հանրապետության նախագահ Աբդուլ Քալամի հետ:
Ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` նախագահ Կալամն անդրադարձավ հայ եւ հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Նա հատկապես ընդգծեց 17-19-րդ դարերում հայ առեւտրականների ունեցած կարեւոր դերակատարությունը Կալկաթա, Բոմբեյ եւ Մադրաս քաղաքների տնտեսական եւ հասարակական զարգացման գործում: Դոկտ. Աբդուլ Քալամն ուրախություն հայտնեց Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հատկապես վերջին 15 տարիների ընթացքում զարգացող հարաբերությունների համար:
Վեհափառ Հայրապետը, իր հերթին ողջունելով Հնդկաստանի նախագահին, գոհունակություն հայտնեց ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանի իշխանությունների կողմից մշտապես ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար` նշելով, որ Հնդկաստանում բնակություն հաստատած հայորդիները միշտ էլ ազատ են եղել իրենց ազգային եւ հոգեւոր կյանքը կազմակերպելու գործում: Վեհափառ Հայրապետը նաեւ Հնդկաստան այցի իր տպավորությունները փոխանցեց նախագահին` մասնավորաբար վերհիշելով Նոր Դելի, Կալկաթա, Մադրաս եւ Բոմբեյ քաղաքներ կատարած իր այցերը: Նորին Սրբությունն գոհունակությամբ արձանագրեց նաեւ, որ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը, հայկական եկեղեցիներն ու կառույցները, հայկական գերեզմանատները լավ խնամվում են:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց հնդիկ ժողովրդին եւ պետությանը` 1988 թվականի երկրաշարժի օրերին Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության, ինչպես նաեւ այսօր գյուղատնտեսության եւ տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում շարունակական աջակցության համար:
Հանդիպման ընթացքում կարեւոր նկատվեց հայ եւ հնդիկ երիտասարդների ուսումնառությունը Հայաստանի եւ Հնդկաստանի տարբեր կրթական բարձրագույն հաստատություններում:
Նորին Սրբությանը ուղեկցում էին Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Տ. Կտրիճ քհն. Դեւեջյանը եւ գավազանակիր Տ. Հովնան աբղ. Հակոբյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ռինա Պանդեյը:
Մարտի 5-ի երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: