Հանդիպում «Էջմիածնի մանուկներ» հիմնադրամի հանձնախմբի հետ
Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ հանդիպում ունեցավ «Էջմիածնի մանուկներ» հիմնադրամի հանձնախմբի հետ` ղեկավարությամբ հանձնախմբի ատենապետ Գայանե Թաթուլյանի:
«Էջմիածնի մանուկներ» հիմնադրամը հոգում է Էջմիածնում մանկատան կառուցման ծախսերը: Հանձնախմբի անդամների ջանքերի շնորհիվ հիմնադրամը տարեկան 250 ԱՄՆ դոլար գումար է ապահովում 500 որբերի համար:
Հանդիպման սկզբում թեմակալ առաջնորդը Նորին Սրբությանը ներկայացրեց հանձնախմբի անդամներին` անդրադառնալով մարդասիրական այս առաքելության հանդեպ նրանց քրիստոնեկան սիրուն, անձնդիր ծառայությանն ու նվիրումին:
Ապա իր օրհնությունն ու գնահատանքը հանձնախմբի անդամներին բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրենիքի բարօրությանն ուղղված` «Էջմիածնի մանուկներ» հիմնադրամի ծառայության համար:
Վերջում հանձնախումբը ի նպաստ Մայր Աթոռի որբախնամ գործունեության քսանհինգ հազար ԱՄՆ դոլար գումարի հատկացում կատարեց: Հանդիպումն ավարտվեց Նորին Սրբության աղոթքով: