Հանդիպում ԱՄՆ Արեւմտյան թեմի հոգեւորականների հետ
Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդարանում, «Արմեն եւ Գլորիա Համբար» սրահում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ թեմի հոգեւոր սպասավորների հետ:
Վերստին ողջունելով Նորին Սրբությանը` Գերաշնորհ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին` իր հրավերին ընդառաջելու եւ մինչ ԱՄՆ Արեւելյան թեմ կատարելիք Հովվապետական այցը ԱՄՆ Արեւմտյան թեմ այցելելու համար, ինչն եզակի հնարավորություն ընձեռեց ամենքին վայելելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությունը:
Ապա Սրբազանը հնարավորություն տվեց եկեղեցականներին հարցումներ ուղղելու Վեհափառ Հայրապետին: Հարցերը հիմնականում վերաբերում էին աստվածաբանական զանազան խնդիրների:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր առաքելությանը, ներկայացրեց Մայր Աթոռի կողմից իրագործվող նոր ծրագրերը: Վեհափառը կարեւորեց համագործակցությունը Հայոց Եկեղեցու եւ քույր Եկեղեցիների միջեւ` միեւնույն ժամանակ շեշտելով հայոց ուղղափառ հավատը, ծեսերն ու ավանդույթները կենդանի պահելու անհրաժեշտությունը:
Վերջում Նորին Սրբությունը եկեղեցականներին նվերներ փոխանցեց` ի գնահատություն իրենց նվիրյալ ծառայության: