Հայրենիք բերվեցին Ալեք եւ Մարի Մանուկյանների մարմինները
Հուլիսի 13-ին Դիթրոյթից Հայրենիք բերվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ցկյանս նախագահ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազգային բարերար լուսահոգի Ալեք Մանուկյանի եւ նրա կողակից Մարի Մանուկյանի մարմինները:
«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ Պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի ուղեկցությամբ Մանուկյանների մարմինները դուրս բերվեցին օդանավից, ապա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք մատուցեց բարեհիշատակ բարերարներ Ալեք եւ Մարի Մանուկյանների հոգիների հանգստության եւ խաղաղության համար:
Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Ալեք եւ Մարի Մանուկյանի դուստր Լուիզ Մանուկյան Սիմոնը, Մանուկյան ընտանիքի անդամներ, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը եւ ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներ:
Աղոթքից հետո սգո թափորն ուղղվեց Սբ. Գայանե վանք, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն: Հավարտ արարողության Նորին Սրբությունն իր խոսքն ուղղեց ներկաներին:
Մեծանուն հայորդիների մարմինները մինչեւ հուլիսի 17-ը կմնան Սուրբ Գայանե վանքում, ուր հայորդիք հնարավորություն կունենան հարգանքը մատուցել հայ ժողովրդի արժանավոր զավակներին: Հուլիսի 17-ին` ժամը 10.00-ին, Ալեք եւ Մարի Մանուկյանների մարմինները պետական բարձր պատիվներով եւ եկեղեցական ծիսակարգով կամփոփվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` իրենց բարերարությամբ կառուցված Գանձատան առջեւ:
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐՆԵՐ ԱԼԵՔ ԵՎ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ`
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ
(13 հուլիսի, 2007 թ., Սուրբ Գայանե եկեղեցի)
Մեծարգո Նախագահ Ազգային Ժողովի, սիրելի Մանուկյան ընտանիք, հոգեւոր հայրեր, սիրելի բարեպաշտ ժողովուրդ.
Խորախորհուրդ է Հայրենիքի սիրով ապրած զավակների վերադարձը Հայրենիք` հանգրվանը ազգի անմահ հոգու: Բարձրյալի շնորհով այսօր հայրենի ազատ մեր հողը ընդունում է իր նվիրյալ զավակներին` Ազգային հերոս, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ցկյանս Նախագահ Ալեք Մանուկյանին եւ իր մեծազնիվ տիկին Մարի Մանուկյանին, ովքեր ապրեցին եւ անմնացորդ ջանքեր ներդրեցին ի սեր աշխարհասփյուռ մեր ժողովրդի հոգեւոր-ազգային կյանքի զարթոնքի ու պայծառության: Մեծ նվիրատվություններով նրանք պայծառացրին մեր եկեղեցիները, կրթական ու ազգային հաստատությունները: Հայրենիքի բարօր ու բարգավաճ, նոր կյանքի տեսիլքով եւ հավատով նրանք կերտեցին իրենց եւ բազում հայորդյաց կյանքի լուսավոր ուղին: Մեծ բարերարների ձգտումն էր Հայրենիքի պատկերի, հայրենյաց ժառանգության պահպանումը հայորդյաց հոգիներում: Հայրենիքի ու հայ ժողովրդի լուսավոր գալիքի, Սուրբ Էջմիածնին հավատարմության հավատն է նրանց ավանդը սերունդներին, ազգի հարատեւության հավատը` հայրենյաց արժեքներով ու սրբություններով:
Մեր Եկեղեցու, Սուրբ Էջմիածնի սերը մանկուց էր սերմանված Ալեք Մանուկյանի հոգում: Նա միշտ ջերմ սիրով կապված եղավ եկեղեցական կյանքին` նպաստելով մեր Եկեղեցու առաքելությանը, այլեւ` բարեգործական ծրագրերով եւ որպես սարկավագ` Տիրոջ Սուրբ Սեղանին սպասավորությամբ: Մենք խորին հուզմունքով ենք անդրադառնում, որ հավատավոր ազնիվ սրտով Ալեք եւ Մարի Մանուկյանները աստվածապարգեւ իրենց ողջ կյանքի ընթացքում հոգացին մերձավորի համար` բազմաթիվ բարեգործություններով կյանքի կոչելով ավետարանական պատվիրանը: Նրանք` իբրեւ արժանավոր քաղաքացիներ Միացյալ Նահանգների, երախտագետ հոգով հանդեպ Ամերիկան, իրենց բարերարություններից մասնահանում կատարեցին նաեւ Միացյալ Նահանգների կրթական ու մշակութային կյանքին:
Անմոռաց է լուսահոգի Տեր եւ Տիկին Մանուկյանների պայծառ հիշատակը: Եկեղեցաշեն ու ազգօգուտ իրենց գործերով նրանք արժանացել են աշխարհասփյուռ մեր ժողովրդի ջերմ սիրույն եւ անկեղծ հարգանքին: Նրանց առաքինի կյանքի դրվատումն են եւ ծառայությանց ու վաստակի գնահատանքը` բարձր մրցանակներն ու շքանշանները, որ շնորհվել են Ալեք Մանուկյանին: Նա արժանիորեն կրում էր նաեւ մեր Եկեղեցու բարձրագույն` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանը եւ Հայաստանի Ազգային հերոսի կոչումը:
Աղոթք եւ օրհնություն խնկարկենք նրանց շիրիմներին: Գոհաբանական աղոթք բարձրացնենք առ Աստված, որ ազգասիրության ու եկեղեցասիրության նրանց ոգին եւ բարի գործոց օրինակը շարունակում է ապրել հայորդյաց հոգիներում, ինչպես նրանց զավակների` Լուիզ Մանուկյան Սիմոնի եւ Ռիչարդ Մանուկյանի եւ թոռների, ովքեր այսօր իրենց կարեւոր ներդրումն են բերում մեր Եկեղեցու պայծառությանը, մեր Հայրենիքի բարօրությանն ու առաջընթացին:
Սիրելիներ, այսօր ուրախ են մեր հոգիները, որ մեր Եկեղեցու արժանավոր զավակների, ազգային մեծ բարերարների մարմինները որդու եւ դստեր համաձայնությամբ փոխադրվել են Միացյալ Նահանգներից` ամփոփվելու մեր հոգեւոր նվիրական կենտրոնում, Սուրբ Էջմիածնի աստվածային օրհնության ներքո:
Աղոթքով առ Երկնավորը մայր հողին պիտի հանձնենք լուսահոգի Ալեք եւ Մարի Մանուկյանների մարմինները, հավատով, որ մեր ժողովրդի կյանքում միշտ հառնած պիտի մնան նրանց բարեպաշտ ու ազգանվեր կերպարները, պիտի ապրեն նրանց ազնիվ գործերը` իբրեւ նրանց հավատավոր հոգու վկայություններ, շարունակելով մեր Եկեղեցու, Հայրենիքի եւ ազգային սրբությունների հանդեպ անսպառ նվիրումի ու աննվազ նախանձախնդրության նոր հունդեր աճեցնել սերունդների հոգում:
Աղոթենք, որ Ողորմած եւ Մարդասերն Աստված երկնային բարձունքներում լույսերի մեջ երանությամբ պարուրյալ պահի հավիտենական կենաց խաղաղ ափին հանգրվանած Իր հավատարիմ զավակների հոգիները եւ օրհնի մեզ` մարմնավորելու մեր Հայրենիքի ու ժողովրդի միացյալ երջանիկ կյանքի նրանց եւ ամենքիս տեսիլքը:
Շնորհ եւ սԷր եղիցին ընդ մեզ եւ ընդ ամենեսեան:
Յիշեա, Տէր, զհոգիս երանաշնորհ բարերարացն մերոց` Ալեք եւ Մարի Մանուկեանների, եւ յանգո զնոսա ի լոյս երեսաց աստուածութեան Քոյ. Ամէն: