Հայրապետական տնօրինություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ հոկտեմբերի 1-ից ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ է նշանակվել Տ. Վրթանես վարդապետ Աբրահամյանը:
###
Տ. Վրթանես վարդապետ Աբրահամյան
Ծնվել է 1962թ. մարտի 21-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղում: Ավազանի անունն է Կամո:
1969-1979թթ. սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
1980թ. ընդունվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր ճեմարան:
1981-1983թթ. ծառայել է սովետական բանակում: Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը Հոգեւոր ճեմարանում:
1987թ. դեկտեմբերի 25-ին` Ստեփանոս Նախավկայի տոնին, ձեռամբ Տ Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:
Ճեմարանում ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Մայր Տաճարի թանգարանում:
1988թ. մարտի 10-ին պաշտպանել է ավարտաճառ «Աղվանից Եկեղեցու համառոտ պատմություն (Դ-ԺԷ դարեր)» թեմայով եւ արժանացել քաջալավ գնահատականի:
1988թ. մայիսի 22-ին` Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տ Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
1989-1994թթ. ծառայել է Ամարասի վանքում որպես վանահայր:
1992թ. նոյեմբերին պաշտպանել է վարդապետական թեզ «Հովսեփ Արցախեցի` վահան ուղղափառության» թեմայով:
1994-1996թթ. եղել է Արցախի թեմի առաջնորդական փոխանորդ:
1996թ. հունիսին նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր:
1997-1999թթ. ծառայել է որպես ՀՀ Պաշտպանության նախարարի հոգեւոր խորհրդատու:
1999-2001թթ. ծառայել է Ս. Հռիփսիմե վանքում որպես վանահայր:
2001թ. օգոստոսից հոգեւոր հովվության է նշանակվել Գուգարաց թեմի Տավուշի մարզում:
2006թ. սեպտեմբերի 28-ից հոգեւոր հովվության է նշանակվել Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմում: