Հայրապետական սրբատառ կոնդակով հիմնվեցին երկու նոր թեմեր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ Հայրապետական սրբատառ կոնդակով դեկտեմբերի 10-ին Հայաստանում հիմնվել են երկու նոր թեմեր` Վայոց թեմը եւ Տավուշի թեմը:
Հայրապետական կոնդակում մասնավորապես ասվում է.
«Գոհություն եւ փառք ենք մատուցում Բարձրյալ Տիրոջը, որ Իր ամենախնամ օրհնության ներքո զորացնում եւ պայծառացնում է Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին` տերունապատվեր սպասավորությամբ հովվելու մեր ժողովրդին եւ առաջնորդելու Աստվածճանաչության ճշմարիտ ճանապարհով: Մեր Եկեղեցու դարավոր առաքելությունն արդյունավորվել է հոգեւորականաց նախանձախնդիր ծառայությամբ, բարեպաշտ ժողովրդի հավատավոր ընթացքով, նոր թեմերի եւ համայնքների հիմնումով, եկեղեցական-վարչական կառույցների ազգաշահ գործունեությամբ:
Այսօր, երբ Հայրենի մեր երկրում վեր են հառնում խոնարհված աղոթավայրերը, կառուցվում են նոր եկեղեցիներ, ստեղծվել են նոր համայնքներ ու ծուխեր, հրամայական է դառնում նաեւ եկեղեցավարչական նոր կառույցների հաստատումը: Մեր Սուրբ Եկեղեցու տերունապատվեր առաքելության արգասավորման, եկեղեցավարչական գործունեության առավել լավ կազմակերպման, հոգեւոր սպասավորների ծառայության կանոնակարգման եւ տարածքային վերատեսչությունը արդյունավոր իրականացնելու համար Հայրապետական այսու Կոնդակով Վայոց ձորի մարզի եկեղեցական համայնքներն առանձնացնում ենք Սյունյաց թեմի կազմից, Տավուշի մարզի եկեղեցական համայնքները` Գուգարաց թեմի կազմից եւ հռչակում ենք ստեղծումը Վայոց թեմի` առաջնորդանիստ Եղեգնաձոր քաղաքով, եւ Տավուշի թեմի` առաջնորդանիստ Իջեւան քաղաքով»:
Վայոց թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը` ազատվելով Սյունյաց թեմի առաջնորդի պաշտոնից: Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը, ազատվելով իր պաշտոնից, նշանակվել է նույն թեմի Առաջնորդական տեղապահ: Իսկ Գուգարաց Թեմի Տավուշի փոխառաջնորդ Տ. Թորգոմ վարդապետ Տոնիկյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմում` որպես Առաջնորդական տեղապահ: