Հայրապետական պատգամ համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողովին
Սեպտեմբերի 18-ին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում Ծաղկաձորում մեկնարկած «Աշխարհի հետ մեր ինքնությամբ. Հայաստանը համայն հայության հայրենիքն է» խորագրով համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողովի մասնակիցներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հղել էր իր օրհնության խոսքը, որն ընթերցեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քհն. Մելիքյանը:
Հայրապետական ուղերձում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում իրականացվող «Աշխարհի հետ մեր ինքնությամբ. Հայաստանը համայն հայության հայրենիքն է» խորագրով համահայկական լրատվամիջոցների համաժողովի բոլոր մասնակիցներիդ:
Այսօր Մայր Հայրենքում եք համախմբվել Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչներդ` համատեղ քննարկումներ ունենալու եւ հաղորդ դառնալու միմյանց գործունեությանը, խոհերին ու մտածումներին:
Մեր օրերում հասարակությունների կյանքում, ազգերի եւ պետությունների ներքին եւ արտաքին հարաբերություններում, աշխարհում տեղի ունեցող զարգացումներում մեծ եւ կարեւոր տեղ ունեն զանգվածային լրատվամիջոցները: Ազգային մեր անդաստանում եւս կարեւորվում է լրատվամիջոցների առաքելությունը` իրենց հրապարակումներով ծառայելու մեր ժողովրդի, մեր պետության առջեւ հառնող խնդիրների բարվոք լուծմանը, մեր մշակույթի արժեւորմանը, հասարակական մտածողության մեջ ամրապնդմանը այն արժեքների, որոնք լուսավորել են մեր փառավոր պատմությունը եւ առաջնորդել մեր ժողովրդին ձեռքբերումների ու հաղթանակների:
Մաղթում ենք, որ այս գիտակցությամբ լրատվամիջոցների խմբագիրներն ու աշխատակիցները ի Հայաստան եւ ի Սփյուռս շարունակեն իրենց գործունեությունը եւ ջանադիր ծառայեն մեր ժողովրդին ու Հայրենիքին` մեր սրբազան արժեքների հանդեպ հավատարմությամբ եւ ազնիվ հոգով իրենց խոսքը ի սպաս դնելով ճշմարտության, արդարության եւ ամենայն բարյաց հաստատման:
Առ Աստված աղոթքով բարի ընթացք ենք մաղթում համաժողովի աշխատանքներին: Թող Ամենակարողն Աստված առաջնորդի ձեր ճանապարհը` պարգեւելով ազգօգուտ հաջողություններ եւ ամենայն բարիք»: