Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 60-րդ տարեդարձի առիթով
Օգոստոսի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի թեմակալ առաջնորդների և Մայր Աթոռի ողջ միաբանության, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Պատարագիչ Սրբազանն իր քարոզում որդիական ջերմ սիրով ու խոնարհումով Մայր Աթոռի միաբանության և հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորական խոսք ուղղեց Վեհափառ Հայրապետին` ծննդյան 60-ամյակի կապակցությամբ` մաղթելով կյանքի երկար արևշատ օրեր և բեղուն գահակալություն` շարունակելու հաջողությամբ հովվել համայն հայությանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առիթով քարոզից հետո Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ կատարվեց Հայրապետական մաղթանք: Եկեղեցականները և հավատացյալ ժողովուրդը հայցեցին Ամենակալ Աստծուն անսասան պահել ու պահպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու նրա արժանընտիր ու բազմաշխատ գահակալին` պարգևելով կորով և զորություն` իրականացնելու հայրապետական աստվածահաճո եկեղեցաշեն ծրագրերը` ի պայծառություն առաքելահիմն մեր Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն բարեպաշտ մեր ժողովրդի:
Պատարագի ավարտին հոգևորականաց թափորը Նորին Սրբությանն ուղեկցեց Վեհարան, ուր եպիսկոպոսաց դասը և միաբանության անդամները վերստին շնորհավորեցին և իրենց բարեմաղթանքները բերեցին Ամենայն Հայոց Հայրապետին: