Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 9-րդ տարեդարձի առիթով
Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 9-րդ տարեդարձի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Հավարտ սրբազան արարողության Իջման Սուրբ Սեղանի առջեւ Եզնիկ Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի կատարած եկեղեցաշեն եւ ազգանվեր գործունեությանը: Ոգեշունչ քարոզից հետո կատարվեց Հայրապետական մաղթանք:
Ավանդույթի համաձայն, Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 9-րդ տարեդարձի առիթով, եկեղեցականաց հանդիսավոր թափորով Մայր Տաճար բերվեց Սկեւռայի նշանավոր մասնատուփը: 1283թ. Սսի Կոստանդին արքեպիսկոպոսի հրամանով ստեղծված եւ 18 սրբերի (Ս. Պողոս, Պետրոս, Թադեւոս, Բարդուղիմեոս առաքյալների, Գրիգոր Լուսավորչի, Հակոբ Մծբնա Հայրապետի, Հովհան Ոսկեբերանի, Կատարինեի եւ այլոց) մասունքներ պարունակող Սկեւռայի նշանավոր մասնատուփը 500 տարի համարվում էր կորած: 1884թ. Փարիզում այն գնվում է Բազիլեւսկու բարձրաժեք իրերի հավաքածուից Էրմիտաժի կայսերական հավաքածուի համար: 2000թ. Սանկտ-Պետերբուրգի Ս. Կատարինե եկեղեցու օծման առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմ կատարած այցի ժամանակ մասունքները Էրմիտաժի կողմից նվիրաբերվեցին Հայոց Եկեղեցուն:
Օրվա ընթացքին բազում հավատավոր հայորդիներ կարողացան հպվել մասնատուփին եւ հաղորդ դառնալ սրբազան մասունքներից բաշխվող օրհնությանը: Սկեւռայի մասնատուփը եւս մեկ շաբաթ կմնա Մայր Տաճարում: