Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 11-րդ տարեդարձի առիթով

Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար

Նոյեմբերի 7-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ եւ Պատարագ, որի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալման 11-րդ տարեդարձի կապակցությամբ կատարվեց Հայրապետական մաղթանք:

Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբվել էին թեմակալ առաջնորդներ եւ միաբաններ` շնորհավորելու Նորին Սրբությանը եւ աղոթք առաքելու առ Բարձրյալ Տերը` ազգընտիր Հայոց Հայրապետի կենաց արեւշատության ու քաջեռանդ հովվապետության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության ու անսասանության համար:

Մինչ մաղթանքի արարողությունը պատարագիչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը Մայր Աթոռի միաբանության անունից երախտագիտության եւ շնորհավորանքի խոսք ուղղեց Նորին Սրբությանը: «Սուրբ Էջմիածինն իր գահակալով այն մշտաբուխ, կենսատու աղբյուրն է հայության, որ բխեցրեց մեր Տեր Հիսուս Քրիստոս: Փառք ու գոհություն անենակարող եւ նախախնամող Աստծուն: Փառք, որ մեզ դարձրեց իր ժողովուրդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աղոթասաց խնդրանքով Քրիստոս Իր էջքով եւ աստվածային փառքով լուսակերտեց Հայոց երկիրը, Արարատյան դաշտում գտնվող վաղարշապատյան Սուրբ Էջմիածինը: Այստեղից է Մայր Աթոռի հոգեւոր իշխանությունը ձգվում-տարածվում բոլոր այն վայրերը, աշխարհի այն կողմերը, ուր կան հայածին, լուսավորչական ժողովուրդ եւ հոգեւորականներ: Անկախ իրենց դիրքից եւ աստիճանից բոլորն անխտիր կապված են Սուրբ Էջմիածնի Աթոռին եւ նրա գահակալ Հայրապետների իշխանությանը, ովքեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի հաջորդներն են: Նրանց անխախտ եւ անվերապահ իշխանությունն է հայի աղոթքի տները հաստատել, բարեկարգել, կանոնական սահմաններում պահել, պակասը վերացրել», - իր խոսքում նշեց պատարագիչ Սրբազանը:

Մաղթանքի արարողության ավարտին ներկա ժողովրդին եւ եկեղեցականաց դասին իր օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: